Մամուլ

Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի կողմից «քցված» հայ գործարար` Լևոն Մարկոսը

Araratnew.am-ը գրում է․ Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի կողմից «քցված» ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Մարկոսը:

Լևոն Մարկոսը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձով դիմել էր ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան հաջողություններ մաղթել և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Լևոն Մարկոսը մի քանի անգամ բարձրաձայնել է իր անձի հետ կատարված անարդարությունները, նշելով, որ իրեն «քցել» են տեղի իշխանությունները:

Մասնավորապես, Մարկոսը Հայաստանում կատարել է շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում: Լևոն Մարկոսը պնդում է, որ 2000-ականների սկզբին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, նաև պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խաղալով իր հայրենասիրական զգացումների վրա, իրեն համոզել են մեծ ներդրումներ անել Հայաստանում՝ տնտեսությունը փրկելու համար:

Լևոն Մարկոսն ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի «առաքելությունն» էր իրեն ջանասիրությամբ համոզել` բիզնես դնել Հայաստանում: Հայ գործարարը, հիշեցնենք, Ռուսաստանում սառեցրել է իր հեռանկարային բիզնես նախագծերը, վարկեր է վերցրել ռուսաստանյան բանկերից ու Հայաստանում ներդրել մոտ 300 միլիոն դոլար` ձեռք բերելով «Կրեդիտ-Երևան» բանկը, «Ջրվեժի բազալտը», Հրազդանի ջերմոցային համակարգը, «Ինտերմոտոր Հայաստանը», Ղափանի պղնձամոլիբդենային ֆաբրիկան, Երևանի երեք խոշոր շուկաներ և այլն:

Լևոն Մարկոսի պնդմամբ՝ Հայաստանում իրեն կողոպտել են, խլել բիզնեսները, քրեական գործ հարուցել և իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Ուշագրավն այն է, որ մոսկվաբնակ գործարարը պնդում է, թե այդ ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, ով իր բիզնեսը խլել և օտարել է Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, ովքեր իբրև թե «մուծվում» են մեր պետության ղեկավարին:

Լևոն Մարկոսը Սերժ Սարգսյանին մեղադրում էր, որ նա Հայաստանում ձևավորել է կոռուպցիոն համակարգ, որի միջոցով Հայաստանում ունեզրկվել, թալանվել են սփյուռքահայ 34 գործարարներ: Քանի որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ու կոռումպացված համակարգն արդեն անցյալում են, Լևոն Մարկոսը վերադարձել է Հայաստան՝ արդարություն փնտրելու հույսով:

Աղբյուր՝ araratnews.am

Կիսվել նյութով