ԱշխարհՄամուլ

Հայաստանում 2020թ-ի առաջին օրը լույս աշխարհ է եկել 105 երեխա. ո՞ր երկրներն են առաջատարները

Sputnik Արմենիան գրում է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է, թե աշխարհի 190 երկրներում նոր տարվա առաջին օրը քանի երեխա է ծնվել։ Հայաստանում 2020թ-ի առաջին օրը՝ հունվարի 1-ին, ծնվել է 105 երեխա, աշխարհում` 392 078։

Ամենաշատ երեխաներն այդ խորհրդանշանակն օրը լույս աշխարհ են եկել Հնդկաստանում։ Այնտեղ 67 385 փոքրիկ է ծնվել։

Երկրորդ տեղում Չինաստանն է (46 299 երեխա), երրորդը` Նիգերիան (26 039): ԱՄՆ-ը վեցերորդն է (10452 երեխա)։ Իսկ վերջին տեղում Կարիբյան ծովի Արուբա կղզին է, որտեղ նոր տարվա առաջին օրն ընդամենը 2 երեխա է ծնվել։

Մեր հարևան երկրներից Վրաստանում ծնվել է 145, Ադրբեջանում՝ 433, Թուրքիայում` 3 718, ԻԻՀ-ում`4 582 փոքրիկ։ Ռուսաստանում հունվարի 1-ին ծնվել է 4 738 երեխա, ԱՄՆ-ում` 10 452։

«Յուրաքանչյուր հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է երեխաների ծնունդը, քանի որ նոր տարվա սկիզբը իսկապես տոն է, սակայն ցավոք, շատ երեխաների համար իրենց ծննդյան օրը այդպես էլ տոն չի դառնում»,– ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Այս առիթով միջազգային կազմակերպությունը երկրների ղեկավարներին կոչ է անում ավելի շատ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանն ու համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի հնարավոր լինի փրկել յուրաքանչյուր նորածնի կյանքը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում