Մամուլ

Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի խոսքով` Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացման կանխատեսվածից բարձր ցուցանիշներով, ինչպես նաև վարկավորման ավելի կուռ աճով, դրամական փոխանցումներով: Լրագրողների հետ հանդիպմանը Բոսութղոն հորդորեց հետևել առաջիկա զարգացումներին:

«Ուղերձները դրական են ներդրողների համար ` ինչպես բիզնեսի բացման, այնպես էլ շուկաների բացման առումով, ինչու չէ՝ նաև համահավասար խաղի պայմանների ստեղծման և մրցակցության բարձրացման տեսանկյունից: Մենք կարծես անցումային փուլում ենք և պիտի սպասենք, որպեսզի հետո հետհայացք գցենք և տեսնենք, թե այս ամենն ինչպես է զարգանում»,- ասաց նա:

Բոսութղոյի խոսքով` ներդրումներն ավելացնելու համար մի շարք քայլեր են պահանջվում: «Մասնավորապես, կանխատեսելիություն, կիրարկում և հստակություն են սիրում ներդրողները, և սրանք այն ոլորտներն են, որտեղ շուտով բարելավումներ կտեսնենք»,- նշեց նա` կարևորելով «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը շուտով վերջնական տեսքի կբերվի և կընդունվի:

«Շատ կարևոր է գրավիչ արժեք առաջադրել ներդրողների համար: Հայատանի գրավչությունն այն է, որ, փոքր երկիր լինելով, այն համարվում է համաշխարհային ազգ, և շատ մարդիկ դեռ հետ կնայեն Հայաստանին, որպեսզի տեսնեն, թե իրենց երկրում ինչպիսի ներդրումներ կարող են կատարել»,- նկատեց բանախոսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ պետք է ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերի առանցքում լինի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը բարելավելու հարցը:

«Մենք շատ մեծ հաջողությամբ գրանցում ենք կազմակերպության իրավունքը բիզնեսով զբաղվելու քայլում, բայց, մյուս կողմից, կազմակերպություն գրանցելուց հետո մենք չենք կարողանում գնալ առաջ: Կառավարության առաջիկա անելիքը պետք է լինի շտկել բոլոր թերի կարգավորումները ամենատարբեր ուղղություններում»,- ասաց նա:

Share