Մամուլ

Հայաստանում վաճառում են վտանգավոր թռչնամիս. ներմուծողներն ու խանութները «տեր չեն»

Մանրածախում վտանգավոր հավի միս է հայտնվել. մի շարք սպառողներ արդեն իսկ նման ահազանգեր հնչեցրել են մամուլում ու սոցցանցերում: Ներկայացված նմուշներից երևում է, որ հավը թույլատրելիից ավելի խոնավ է (ջրով և արյունով) և փոխել է գույնը:

Հավը ներմուծվել է ՌԴ Սարատովի մարզում գործող «Курников» թռչնակոմբինատից: Մսի կտրվածքներից երևում են մանրէական աղտոտվածության ենթադրյալ նշաններ:

«Курников»-ը Հայաստանում ունի ներկայացուցիչ: Նրա տվյալները մակնշված են փաթեթի վրա՝ հասցե և բջջային համար, որը չի պատասխանում: Որոշ փաթեթների վրա դա էլ չկա. ուղղակի ծածկված են պոլիէթիլենով: Ասել կուզի՝ պատասխանատու է ոչ միայն արտադրողը, այլև՝ Հայաստան ներմուծողը և մանրածախում վաճառողը:

«Հավն այնտեղից բերել, փորձել են արագ իրացնել: Երբ չի ստացվել, նորից դրել են սառնարան: Կրկնակի սառեցման մասին վկայում է մսի արտաքին տեսքը: Այն սկսում է սևանալ, մսեղիքի վրա մուգ բծեր են առաջանում: Հետո էլ միսը դառնում է շատ խոնավ ու լորձոտ: Ամենայն հավանականությամբ, մսի մեջ նաև ներարկվել է թույլատրելիից ավելի հեղուկ, որի հետևանքով միսը մգացել է ու խոնավացել», -նշում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Վերջին ամիսներին ավելացել են ցածրորակ ներմուծումները Ռուսաստանից: Ինչու՞: Պատասխանը պարզ է՝ ապրանքը կասկածելի էժան է: Կասկածելի՝ որակի առումով: «Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին նման էժանագին թռչնամիս չի ներկրվել Հայաստան», -ընդգծում է Ստեփանյանը:

Այդպիսի միսը հանձնում են ոչ միայն մանրածախին: Բազմաթիվ կիսալեգալ արտադրամասեր սառեցված թռչնամիսը «տեսքի են բերում» տարբեր լուծույթներով, ապա՝ մասնատում ու վաճառքի հանձնում իբրև թարմ: «Այդպիսի միսը շատ հեշտ է ստուգել: Բավական է մի կտոր միս կտրել ու այրել. ռետինի տհաճ հոտ կգա», -ընդգծում է Ստեփանյանը: Հետքերը կորցնելու համար միսը թերի են մակնշավորում, կամ էլ՝ ընդհանրապես չեն մակնշավորում:

«Ինչպես ասացի՝ ներմուծողը հասանելի չէ: Իսկ եթե խանութն է այդ հավը կտրատում ու վաճառում, փաթեթի վրա պարտադիր մակնշման տվյալները չի նշում, որպեսզի չընկնի պատասխանատվության տակ», -նշում է Ստեփանյանը:

Իրավիճակը պետք է վերահսկեն երկու մարմիններ. մսի որակը և անվտանգությունը պիտի ստուգի ՍԱՊԾ-ն, իսկ իրացման շղթան ՊԵԿ-ը՝ ի դեմս հետբացթողումային հսկողության վարչության: Վիճակն ավելի տագնապալի է, եթե նկատի ունենանք, որ ըստ ՌԴ հարավային ռեգիոններից ստացված տվյալների, այնտեղ գրանցվել են թռչնագրիպի դեպքեր:

Անհանգստացած են նաև տեղի արտադրողները, քանի որ սա անհավասար մրցակցության փաստացի դրսևորում է: Այս կապակցությամբ Սննդի անվտանգության ծառայությունում մեզ հայտնեցին, որ խնդրի մասին ազդարարել են Ռոստեխնադզորին:

Առաջիկայում այնտեղից մանրամասն տվյալներ կուղարկեն՝ թռչնագրիպով վարակված տարածքների մասին, որպեսզի Հայաստանի գործընկերներն իմանան, թե որ ներմուծումն է վտանգավոր, որը՝ ոչ: Մեկ-երկու օրից էլ կստուգեն Հայաստանի մանրածախ ցանցը, ինչպես նաև՝ կփորձեն հայտաբերել «Курников»-ի ներմուծողին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում