Ժամանց

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. (ֆոտո)

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են։ Ռեստորանի զարդարանքն անցած-գնացած ժամանակներն է հիշեցնում` լամպային հեռուստացույց, հին գույք… Եվ սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այցելուներին Էջմիածնի ռեստորաններից մեկը: Այստեղ հարայհրոց չկա, դմփդմփացող «երաժշտություն»՝ նույնպես, իսկ երիտասարդ աղջիկների փոխարեն սպասարկում են ժպտադեմ տատիկները:

Խոհանոցից սպասքի չխչխկոցի և հոսող ջրի ձայն է գալիս, գազօջախի մոտ եռուզեռ է: Հենց այսպես է սկսվում այժմ 67 տարեկան Սուսաննա Օհանջանյանի աշխատանքային օրը: Նա արդեն մի քանի օր է, ինչ պաշտոնապես աշխատում է Հայաստանի առաջին ռեստորանում, որը աշխատանքի է ընդունում թոշակառուներին:

Ռեստորանը Էջմիածնում է բացվել երեքշաբթի և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրել ինչպես տեղի բնակիչների շրջանում, այնպես էլ՝ զբոսաշրջիկների: Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես է լինում, երբ այցելում ես ռեստորան, որտեղ ամեն ինչ տնական է: Սուսաննա տատիկի հետ հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում: Նա շփոթված ներողություն խնդրեց թափթփածության համար. հենց նոր այցելուների մեծ խումբ էին ճանապարհել և պատրաստվում էին ընդունել նորին:

«Տեսա հայտարարությունը, եկա աշխատանքի տեղավորվելու, անցա փորձաշրջանը և ընդունվեցի աշխատանքի որպես խոհարարի օգնական», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սուսաննան: Նրա համար աշխատանքի ընդունվելը հաճելի անակնկալ էր. այսօր նույնիսկ երիտասարդներն են դժվարանում աշխատանք գտնել:

Աշխատանքային օրը սկսում է առավոտյան 9-ից, ավարտվում` 18.00–ին: Մեկ ժամ հատկացված է ընդմիջման համար, որի ժամանակ աշխատակիցները սուրճ են խմում և զրուցում, ուժ կուտակում օրվա երկրորդ կեսի համար:

Հայաստանում ռեստորան

Տիկին Սուսաննան խոստովանեց, որ տանը նստել չի կարողանում. երկար տարիներ աշխատել է մեքենաշինության գործարանում և սովոր է աշխատանքի գնալ: Սակայն կրճատման տակ է ընկել, իսկ հետո արդեն եկել է թոշակի անցնելու ժամանակը:

Մեզ հետ զրույցի է բռնվում նաև ռեստորանի մեկ այլ աշխատող` 65-ամյա Շուշանիկ Պետրոսյանը: Նա պատմում է, որ այս վայրը իրեն և մյուս թոշակառուներին ստիպել է կրկին հավատալ սեփական ուժերին:

«Մենք հասկանում ենք, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ և կարող ենք աշխատել: Չգիտես ինչու, թոշակառուներին բոլորը մոռանում են, կարծում են, որ մեր ժամանակն անցել է», – դառնությամբ ասում է նա:

Շուշան տատը ռեստորանի սեփականատերերի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ: Այստեղ նա նկարչության էր բերում թոռնուհուն. ռեստորանը բացվել է մի համալիրի տարածքում, որտեղ կա հյուրանոց, թանգարան, խմբակներ՝ անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Հերթական հանդիպման ժամանակ կատակով հարցրի ղեկավարությանը` արդյո՞ք թոշակառուներին աշխատանքի չեն ընդունում: Այսպես տեղեկացա նախագծի մասին: Հետո աշխատանքի տեղավորվեցի որպես մատուցողուհի», – ասաց նա: Շուշան տատը դրա համար միայն ուրախ է` աշխատավարձը լավ լրացում է կենսաթոշակին:

Այստեղ մատուցողուհի է աշխատում նաև 67-ամյա Ռիմա Ղազարյանը: 25 տարվա աշխատանքային ստաժից հետո նրան դժվար էր ձեռքերը ծալած նստել: Կինը փորձել է աշխատանքի ընդունվել, սակայն ամեն տեղ մերժել են` «տարիքն այն չէ», «մեզ հարմար չէ նա», «թող գնա թոռներին պահի»:

«Հիմա մեր կյանքն իմաստով լցվեց: Բնականաբար, հոգնում ենք: Բայց չէ՞ որ երիտասարդներն էլ են հոգնում աշխատավայրում: Իսկ աշխատանքային եռուզեռի մեջ դա չես զգում: Ամեն առավոտ այստեղ ենք գալիս նոր ուժերով», – վստահեցրեց Ղազարյանը:

Հայաստանում ռեստորան

Ռեստորանը մասնագիտացել է հայկական ավանդական խոհանոցի ուղղությամբ: Տատիկները հայկական բաղադրատոմսերի գաղտնիքները հաճույքով են պատմում այցելուներին: Ճաշացանկում շատ են հայկական ուտեսները` «թավա քյուֆթայից» մինչև տոլմա և քրջիկ: Այստեղ մտադիր են պատրաստել նաև աշխարհի ամենահին ուտեստը, որի մասին ժամանակին ռեստորանի ղեկավարը կարդացել է հայ հին գրականության ստեղծագործություններից մեկում:

Ռեստորանի հիմնադիր Գրիգոր Մաչանենց–Բաբախանյանի խոսքով` բաղադրատոմսը շատ պարզ է. մսի տապակած կտորներ փոքր կավե ամանում: Հարցին, թե ինչպես ծնվեց նման ռեստորան բացելու գաղափարը, Գրիգորը պատասխանեց, որ ուզում էր լուծել ավագ սերնդի հայրենակիցների զբաղվածության խնդիրը, ինչպես նաև օրինակ ծառայել մյուսներին:

«Ընդհանուր առմամբ մենք կկարողանանք աշխատանքի վերցնել 10 հոգու: Միակ բանը, ինչ պահանջում ենք մեր աշխատակիցներից, իրենց զգալ ինչպես տանը, այցելուներին էլ ընդունել այնպես, ինչպես սեփական տանը կընդունեին: Չի կարելի հրաժարվել մեծահասակ կադրերից: Նրանք ոչ միայն կոլորիտ են հաղորդում հաստատությանը,այլև իմաստություն են սովորեցնում այցելուներին: Իսկ որքան հաճելի է նրանց համար լսել` մայրիկ, խնդրում եմ` հաշիվ բերեք», – ասաց նա:

Իսկ քանի դեռ կոլեկտիվն ամբողջությամբ չի համալրվել, երեք կանանց օգնում են ամառային սրճարանի երիտասարդ աշխատակիցները:

Աղբյուր՝ armenisputnik.am

Կիսվել էջում