Մամուլ

Հայաստանում կերակրի աղի անվան տակ 5 հազար տոննա տեխնիկական աղ է օգտագործվել՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Ամեն տարի Հայաստան է ներկրվում մինչև 5 հազար տոննա տեխնիկական աղ և այդ աղի զգալի մասն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում` վտանգելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը։

Ղուկասյանն ասաց, որ ինքը և իր աշխատակիցները կատարել են աղի շուկայի սեփական ուսումնասիրություն, որի արդյունքները տագնապալի են։

Տեխնիկական աղը սովորաբար օգտագործվում է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ։ Ի վերջո, այդ աղով ձմռանը մշակում են սառցակալած ճանապարհները։ Ղուկասյանի կարծիքով` Հայաստանում արդյունաբերությունն ի վիճակի չէ «մարսել» 5 հազար տոննա տեխնիկական աղը, բայց այդուհանդերձ, այն «լուծվում» է շուկայում։

«Հարց է ծագում` ո՞ւր է գնում այդ աղը։ Պատասխանն ակնհայտ է. այն օգտագործում են սննդի արդյունաբերությունում։ Անկեղծ ասած` դա հանցագործություն է։ Տեխնիկական աղը մշակվում է կալիումի ֆերոցիանիդով, որը սպիտակեցնում է այն։ Իսկ դա չափազանց թունավոր նյութ է։ Արդյունքում ստացվում է, որ օրը ցերեկով թունավորում են բնակչությանը»,–ասում է Ղուկասյանը։

Սննդի արդյունաբերության ձեռնարկությունները նույնիսկ կարող են չիմանալ իրենց տրամադրվող աղի ծագման մասին, այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան պետական կառույցները` սննդի անվտանգության ծառայությունը, իրավապահ մարմինները։ Ղուկասյանը մի քանի անգամ դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն` խնդրելով ստուգել սննդի օբյեկտները։ Պետծառայությունում հայտարարել են, որ ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում և առգրավում տարբեր ծավալների տեխնիկական աղ։

«Բայց խոսքը նվազագույն ծավալների մասին է` 60, 100, 120 կգ։ Դա հազարավոր տոննայի համեմատ չնչին ցուցանիշ է։ Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, համակարգային պայքար, որը չի կարող մղել միայն ՍԱՊԾ–ն», – հավելեց Ղուկասյանը։

ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ սննդի օբյեկտները ստուգում են այն դեպքերում, երբ ստանում են համապատասխան ահազանգ։ Անհրաժեշտության դեպքում տուգանք են գրում, բայց տեխնիկական աղի ներկրման վրա հսկողությունը չի մտնում իրենց գործառույթների մեջ։

«Եթե ինչ–որ մեկը կոնկրետ տեղեկություն ունի` թող դիմի մեզ։ Մենք չենք կարող ամեն անգամ ստուգել սննդի օբյեկտները։ Դա ուղղակի անհեթեթություն կլինի»,- ասաց ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով