Մամուլ

Հայաստանի պետական պարտքը այս տարի կավելանա շուրջ կես միլիարդ դոլարով

2018 թվականին Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել ու մոտեցել է 7 մլրդ դոլարի շեմին։ Ինչպես նախատեսվում է, այս տարի այն շուրջ կես միլիարդ դոլարով կավելանա։ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների հիման վրա ամփոփել ենք պետական պարտքի ամենակարևոր ցուցանիշները։  

Մեկ տարում պարտքն աճել է 2.2%-ով

Վերջին տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է  մոտ 6 մլրդ 923 մլն դոլար։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տվյալները, արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։

Տարվա ընթացքում (2017 թ. դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ  2.2%-ով։ Պարտքն ավելացել է առավելապես ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 38 մլն դոլարով կամ 0.7%-ով, իսկ ներքին պարտքը՝  110.3 մլն դոլարով կամ 8.6%-ով։

Եվ չնայած գրանցված աճին, 2018 թվականին  պարտքի աճի ցուցանիշն առավել բարվոք վիճակում է՝ համեմատ նախորդ տարիների։ Օրինակ՝ 2017 թվականի ընթացքում այն աճել է ավելի քան 830 մլն դոլարով կամ 14%-ով։

Այս տարի ևս պետական պարտքն ավելանալու է այն պարզ պատճառով, որ պետական բյուջեի եկամուտները չեն բավարարում` ամբողջությամբ լրացնելու նույն բյուջեով նախատեսված ծախսերը։

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2019 թվականի տարեվերջին այն կկազմի շուրջ 7.5 մլրդ դոլար։ Սակայն, նույն փաստաթղթում նաև կանխատեսված էր, որ պետական պարտքը 2018թ. վերջին պետք է կազմեր 7 մլրդ դոլար, որը, ինչպես տեսնում ենք, շուրջ 80 մլն դոլարով ավել է, քան փաստացի գրանցված ցուցանիշն է։ Սա կարող է նշանակել, որ այդ 80 մլն դոլար պարտքն այս տարի է ներգրավվելու։ Բոլոր դեպքերում, ստացվում է, որ այս տարի շուրջ կես միլիարդ դոլար պետական պարտք է ներգրավվելու։

Ներքին պարտքը վերջին երեք տարիներին մեծ տեմպերով է աճում։ Դա մեծամասամբ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։ Ֆինանսների նախարարությունը ներքին պարտքի մեծ տեմպերով ավելացումը մեկնաբանում է այն հանգամանքով, որ փոխարժեքի տատանումներից խուսափելու լավագույն տարբերակը ներքին պարտքի կշռի ավելացումն է, քանի որ ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։

Բոլոր դեպքերում, ներքին պարտքը ևս մեծ բեռ է պետության համար, քանի որ ամեն տարի պետական բյուջեից էական գումարներ  են հատկացվում թե´ ներքին, թե´ արտաքին պարտքի սպասարկմանը՝ տոկոսավճարներին և մայր գումարների մարմանը։

Պետության համար պարտքի բեռի ծանրությունը չափելու ամենաընդունված տարբերակներից մեկն այն համախառն ներքին արդյունքի հետ համեմատելն է։    «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքով սահմանված է պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի շեմ։ Այդ շեմի վերաբերյալ կարգավորումները մի քանի անգամ փոփոխվել են վերջին տարիներին։ Շեմը  60%-ն է։ Նախկինում այդ սահմանափակումը վերաբերում էր ամբողջ պետական պարտքին,  մի քանի տարի առաջ սահմանվեց, որ այն վերաբերում է միայն Կառավարության պարտքին։

Այսինքն՝ սահմանափակումը Կենտրոնական բանկի պարտքի վրա չի տարածվում։ Բացի այդ, նախկինում պարտքի տարեվերջյան ցուցանիշը համադրվում էր տվյալ տարվան նախորդող ՀՆԱ-ի ցուցանիշի հետ։ Սակայն, այս դրույթը ևս փոխվեց. ներկայում համեմատվում է  ոչ թե նախորդ, այլ՝ տվյալ տարվա ՀՆԱ-ի հետ։  Այսպիսով, այսօր գործող կարգավորմամբ՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60% է:

ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2017թ. վերջին կազմել է 53.7%, իսկ 2018 թվականին, Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով, այն 50%-ի շրջանակներում է։  Այսինքն՝ օրենքի տեսանկյունից պարտքը կառավարելի մակարդակում է։

Առավել մանրամասն՝ hetq.am

Share