Մամուլ

Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:

Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների  պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին:

Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար  սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը: 

Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով.

«Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ,  արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում  այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, և շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների:

Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել և, իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձը:

Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը:

Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, և պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարևոր է:«Սա շատ կարևոր է արձանագրել: Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան», – եզրափակել է վարչապետը:

Կիսվել նյութով