ՄամուլՏեսանյութ

Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար․ Փաշինյանը՝ ռուս լրագրողներին․ Տեսանյութ

Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների տարբեր հարցերի։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ԼՂ նախկին ղեկավարներն են, և ինքը տարբեր խոսակցություններում լսել է կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ-ի վրա, ԼՂ-ի նկատմամբ ՀՀ վարչապետի հարաբերությունների վրա, Փաշինյանը պատասխանել է․

«Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ։ Օրինակ, այժմ բնապահպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։

ԼՂ խնդիրը համար 1 հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար։ Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով։

Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային։ Ինչպիսի՞ն է իմ առաջարկած բանաձևը․ Ես ասել եմ, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդ համար։

Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։

Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Եվ ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։ Եթե նա դա ասի, ապա դա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն բանակցային գործընթացում արձանագրելու իրական ճեղքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով