ԺամանցՇոու-բիզնես

«Հաճելի չէ գիտակցել, որ մեծանում ես». Ռոզի Ավետիսովան՝ 31-ամյակը չնշելու պատճառի, ստացած շնորհավորանքների, փոշմանությունների ու ձեռքբերումների մասին

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր դառնում է 31 տարեկան: Այս առիթով ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ և պարզել, որ նա դասվում է այն մարդկանց թվին, որոնք այս օրերին տխրում են.

«Երևի թե հաճելի չէ գիտակցել, որ մեծանում ես: Չեմ սիրում նշել ծնունդս. այդ օրը տարօրինակ զգացողություններ եմ ունենում, թեև հաճելի են շնորհավորանքներն ու ուշադրությունը: Հատկապես այս տարի, ցանկություն և դրա մասին մտածելու ժամանակ էլ չունեմ»,-նշում է դերասանուհին:

Չնայած նրան, որ ծննդյան օրը նշել չի սիրում, դերասանուհին ամեն տարի պահում է մի գեղեցիկ տորթ ունենալու և մոմեր փչելու սովորությունը: Այս տարին էլ բացառություն չէ նրա համար: Ռոզիին շնորհավորել և անակնկալներ մատուցել սկսել են դեռ կեսգիշերին: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ով է հասցրել առաջինը շնորհավորել. «Առաջինը նամակով ինձ շնորհավորել է գործընկերս՝ դերասան Վահե Զիրոյանը»:

rozi avetisyan

Խոսելով այս 31 տարիների ընթացքում իր ունեցած զղջումների ու փոշմանությունների մասին` դերասանուհին նշեց, որ չի զղջում որևէ բանի համար, բայց եթե կարողանար ժամանակը հետ տալ, շատ բան կաներ. հատկապես`մասնագիտական կյանքում: Իսկ իր ձեքբերումները համարեց մասնագիտական հաջողություններն ու հավատարիմ ու մնայուն ընկերներին, որոնք միշտ անդավաճան են և հավատում են իրեն:

Հաճախ մարդիկ իրենց ծննդյան օրերին, ամփոփելով իրենց կյանքն ու այդ մեկ տարին, ցանկություն են ունենում ներողություն խնդրել  նրանցից, ում նեղացրել են երբևէ: Այս հարցում դերասանուհին վստահորեն ասաց, որ ներողություն չի խնդրի ոչ մեկից, որովհետև եթե երբևէ մեկին նեղացրել է կամ վիրավորել, ապա շատ շուտ է իր սխալն ուղղել»:

rozi avetisyan

Ռոզիի հետ խոսեցինք նաև անձնական կյանքի, իր կողակցի ընտրության և ամուսնության մասին. «Ինձ պետք է ամուր ուս, որին կարող եմ հենվել և զգալ թույլ լինելու բերկրանքը: Իսկ ընդհանուր առմամբ, ես երջանիկ եմ: Կարծում եմ՝ աշխարհում կա այն մեկը, և ես մի օր վերջապես նրան կհանդիպեմ: Շատ բծախնդիր եմ ընտրության հարցում: Տղամարդը, կարծում եմ, պետք է լինի կնամեծար և շռայլ»:

Դերասանուհին, ընդհանրացնելով այս 31 տարիները, ինքն իրեն այսպիսին բնորոշեց՝ «Լինել ուժեղ, բայց միշտ թույլ մնալ. դա իմ մասին է»:

Կիսվել էջում