Մամուլ

«Կրկնակի խախտման դեպքում արդեն ընդհանրապես կեթերազրկվի». Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը «հատել է կարմիր գծերը»

«Կրկնակի խախտման դեպքում արդեն ընդհանրապես կեթերազրկվի». Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը «հատել է կարմիր գծերը»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է, որ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի աշխատանքի 30-օրյա կասեցման որոշման մեջ որևէ քաղաքական դիրքորոշում չկա. հանձնաժողովը պարզապես իր աշխատանքն է կատարել:

«Մենք մշտադիտարկել ենք շուրջ 5 հաղորդում, և այնտեղ բազմաթիվ անգամներ հնչել են այսպիսի տեքստեր՝ «Այդ տարբեր ՀԿ-ներին վաճառված դավաճանը, սորոսականը, ի՞նչ է, կարծում է՝ կկարողանա դուրս գալ իր սենյակից և գնալ հանգիստ ապրել»:

Մեկ այլ հատվածում էլ ասում է՝ «Ինչո՞ւ եք հանգիստ նստել, դուրս եկե՛ք, գնացեք դրա հարցերը լուծե՛ք», և ծայրահեղ վիրավորական արտահայտություններ են հնչում: Հայաստանի Հանրապետությունը պիտակավորվում է որպես «Արևելյան Հայաստան անունով կռճոն» և այսպես շարունակ:

Ասվում է, որ Լենինականն այդպես էլ Գյումրի չի դարձել, այսինքն՝ անվերջանալի ինչ-որ վիրավորանքներ ու պիտակավորումներ կան երկրի ղեկավարի, պետության հասցեին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Հակոբյանը:

ՀՌՀ անդամի խոսքով՝ եթե չարձագանքեին, կնշանակեր՝ աչք են փակում և համաձայնում ասվածի հետ:

«Հաղորդավարը՝ Տիգրան Քեոսայանը, կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի խոսույթով է խոսում, որով բազմաթիվ անգամներ Սիմոնյանն է հանդես եկել պետության, երկրի վարչապետի հասցեին: Ես տեղյակ եմ, որ իրենց հանձնաժողովն է եկել և փորձում է լուծել հարցը, բայց ինձ համար տարօրինակ է հնչեցնել նման խոսքեր, հետո գալ ասել՝ եկեք կառուցողական խոսենք: Եթե կառուցողական, ապա մի հնչեցրեք նման արտահայտություններ մեր երկրի մասին»,- ասում է Հակոբյանը:

Վերջինս նկատում է՝ երբ միջպետական համաձայնագրերով կնքվում են նման հեռարձակումների պայմանագրեր, պետք է միմյանց տարածքային ամբողջականությունը, մշակույթը, ազգային սովորությունները հարգելու դրույթներ լինեն, որոնք տվյալ դեպքում պահպանված չեն:

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ռուսական կողմն ինչո՞ւ է մեզ մեղադրում ինչ-որ հարցում, մենք մեր գործառույթն ենք արել, քաղաքական ենթատեքստ ունեցող խոսք հնչեցրել են իրենք:

Մեր խնդիրը «Սպուտնիկ Արմենիա»-ն չէ, այլ «ՏՈՍՊԱ» ընկերությունը, որը հանրային մուլտիպլեքսում վերահեռարձակում է այս հաղորդումները: Ռադիոկայանի աշխատանքը կասեցվել է մեկ ամսով, մեկ ամիս հետո կվերադառնա եթեր: Կրկնակի խախտման դեպքում արդեն ընդհանրապես կեթերազրկվի»,- ասում է ՀՌՀ անդամը:

Կիսվել էջում