Մամուլ

Կրակոցներ Ճամբարակում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում. նրանցից երկուսը «ավտարիտետներ» են

Կրակոցներ Ճամբարակում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում. նրանցից երկուսը «ավտարիտետներ» են

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել։ Նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել են ոստիկանության Ճամբարակի բաժնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռափյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից, դեռևս չպարզված հանգամանքներում և պարզված հրազենից կրակոցներ են արձակել։

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Դ․ Մոսիկյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից երկուսը Գեղարքունիքի մարզում իրենց համարում են քրեական հեղինակություն, սակայն շատերը հումորով են վերաբերվում նրանց, երբ հայտարարում են, որ իրենք «ավտարիտետներ» են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կրակողի ինքությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով