Մամուլ

Կրակոցներ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի

Կրակոցներ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Հիվանդանոցի մոտ ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում, ինչի համար այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փորձում են պարզել դեպքի վայրը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Կիսվել էջում