Մամուլ

Կոտայքի մարզում ծեծի են ենթարկել 65-ամյա տղամարդուն. կասկածյալը հանրությանը հայտնի՝ ատամներով ծանրություններ քաշող է

Կոտայքի մարզում ծեծի են ենթարկել 65-ամյա տղամարդուն. կասկածյալը հանրությանը հայտնի՝ ատամներով ծանրություններ քաշող է

Shamshyan.com-ի տեղեկություներով, հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:25-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 65-ամյա Ռաֆայել Ա.-ն է, ով՝ ըստ բժիշկների հայտնածի, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ:

ծեծկռտուք

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել դեկտեմբերի 29-ին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, ոմն Աշոտի կողմից, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, իր բնակարանում ստորացնելու եղանակով դաժան ծեծի է ենթարկել Ռաֆայել Ա.-ին, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնում մարմնական վնասվածք պատճառելու փաստով նախապատրաստված նյութերը՝ ըստ ենթակայության, փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ռաֆայել Ա.-ին դաժան ծեծի ենթարկած ոմն Աշոտը հանրությանը հայտնի է ատամներով տարբեր ծանրություններ, տրանսպորտային միջոցներ քաշելու ունակությամբ:

Shamshyan.com-ը փորձում է պարզել, արդյոք ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հայտնաբերվել է Ռաֆայել Ա.-ին դաժան ծեծի ենթարկողը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել էջում