Մշակույթ

«Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ»․ այսօր Կոմիտասի մահվան օրն է

«Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ»․ այսօր Կոմիտասի մահվան օրն է

Կոմիտասի լույս երաժշտությունը հայ ժողովրդի սրբագույն մասունքն է, նրա պատմությունն ու նկարագիրը։ Իզուր չէ, որ նրան հայր ենք անվանում․ հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։

Ներկայացնում ենք մեծերի մտքերը Կոմիտասի մասին․

«Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ:

Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է:

Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի «վիզա», ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր»։ Պարույր Սևակ

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին

«Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է:

Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով»: Մարտիրոս Սարյան

«Եթե Կոմիտասը միայն «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»: Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի

«Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ:

Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիված ճեմարանի մեծեն ու փոքրեն»: Հրաչյա Աճառյան

«Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»: Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի

«Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։

Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ»: Փանոս Թերլեմեզյան

«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ:

Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»,- ասել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ Լուի Լալուան:

1914 թ. հունվարին Պոլսում Կոմիտասին այցելել է ռուսական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից մեկը՝ Մ.Ֆ. Գնեսինը, որը հայ երաժշտին նվիրած իր հուշերում գրել է.

«Կոմիտասն ինձ վրա թողեց կատարյալ աշխարհիկ մարդու տպավորություն: Նա շատ լավ է խոսում ռուսերեն: Լսելով, որ ես եղել եմ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, Կոմիտասը, ցույց տալով սեղանի վրա դրված գրքերը և նոտաները, ասաց, որ ինքը խորապես հարգում է նրան: … Զրուցելով Կոմիտասի հետ, ես զգում էի և´ գիտական կենտրոնացման լրջությունը, և´ մարդկային հմայքի բարյացակամությունը:

Միայն ավելի ուշ ծանոթանալով Կոմիտասի ստեղծագործություններին՝ ես համոզվեցի, որքան մեծ էր նրա տաղանդը, ինչ նշանավոր կոմպոզիտոր էր նա, ինչ հետաքրքիր և ինքնատիպ վարպետ, և որքան մեծ էր նրա դերը XIX դ. հայ երաժշտության զարգացման գործում:

Որքան թանկ է ինձ համար խոստովանել, որ ես եղել եմ այն փոքրաթիվ ժամանակակիցներից մեկը, որն անձամբ ճանաչել է հայ երաժշտության մեծ սկզբնադիրներից մեկին»:

1911 թվականին հունական «Տելեկրաֆոս» թերթը գրել էր․ «Ե՞րբ է հույն ժողովրդի մեջ աստված հարուցանելու մի Կոմիտաս, որ հին հելլենական երաժշտությունը փրկեր կորստից»:

Կիսվել էջում