Մամուլ

Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի դատավորներից մեկը՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը (ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փեսան), որը քննում էր Վեհափառին դավաճանած Նավասարդ Կճոյանի վերաբերյալ գործը, մոտ մեկ ամիս առաջ ինքնաբացարկ է ներկայացրել, եւ այս գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը, սակայն չնշեցին, թե ինչ պատճառով է հայտնի դատավորն ինքնաբացարկ ներկայացրել։

Ի դեպ, մենք նաեւ տեղեկացանք, որ բարձրաստիճան հոգեւորականը դիմել է Դատական դեպարտամենտ, որպեսզի «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այս քաղգործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակվի։

Քաղաքացիական հայցը Գլխավոր դատախազությունը Կճոյանի դեմ ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերին, երբ հարկավոր էր նրան ներգրավել Մայր Աթոռի եւ Վեհափառի դեմ սկսված արշավին:

Եվ ոմանք այս հայցը դիտարկում էին որպես շանտաժ, որի արդյունքում էլ Գարեգին Բ-ի ամենամերձավոր հոգեւորականներից մեկը դավաճանեց նրան եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը: Հայցը կապված էր հողամասերի կառուցապատման իրավունքի իրավաչափության հետ։ Սա այն սուրն է, որը Կճոյանի գլխին կախված են պահում:

Հիշեցնենք, որ անցյալում բարձրաստիճան հոգեւորականը քրեական սկանդալների մշտական հերոսներից էրդեռ նախկին իշխանությունների ժամանակ հարուցված օֆշորային սկանդալի գլխավոր գործող անձանցից: Նա 2020 թվականին այդ գործով հարցաքննության է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն եւ ցուցմունք տվել օֆշորի գործով։

Իսկ 2020 թ. ապրիլի 13-ին նրան կանչել են ԱԱԾ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն եւ փողերի լվացում։ Որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բայց հանկարծ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրա նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացնելու մասին, քանի որ նախաքննության մարմինը նրա արարքներում հանցակազմ չի տեսել:

Հետո վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թ. դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ դրա «վաղաժամ եւ անհիմն» լինելու պատճառաբանությամբ:

Այսինքն, նա կրկին դարձել է մեղադրյալ, եւ, ըստ տեղեկությունների, Կճոյանը երկար չի մնացել մեղադրյալի կարգավիճակում․ քրգործը կարճվել է։
Նավասարդ Կճոյանի նկատմամբ անցյալում նաեւ ապօրինի հարստացման հայցեր են ներկայացվել: Սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության հայցերը:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվեք ձեր էջում