Մամուլ

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է պատժվել 100-500 հազար դրամով կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը կենաց է անվանում՝ նշելով, որ չի կարող օրենքը մեկ թղթի վրա տեղավորվել ու ընդամենը գրվել, որ պատժում ենք եւ վերջ:

Նրա խոսքով՝ այնտեղ համակարգված չէ ոչ մի բան, սահմանումները հստակ չեն:

«Ընտանի կենդանիների հարցը չի լուծվում, թափառող կենդանիների հարցը միայն այդպես չի լուծվի, պետք է օրենքը սահմանի տնային կենդանիների պահման ձեւերը, կանոնները, քանիսը կարելի է պահել, ինչ ձեւով, բուծարանների խնդիրը պետք է լուծվի, այդպես թափառող կենդանիները քաղաքից, ուղղակի, չեն վերանա»,- ասաց Բեգոյանը:

Նշեց, որ հասարակության մեջ մշակույթ պետք է ձեւավորվի, դպրոցներում դասաժամեր լինեն՝ նվիրված կենդանիներին: Ծնողին, ըստ նրա, պետք է բացատրել, որ չի կարելի երեխային վախեցնել, թե եթե հաց չուտի, շնիկին կկանչի, կգա, երեխային կուտի, այդպես շան նկատմամբ բացասական վերաբերմունք է  ձեւավորվում:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը կարծում է, որ օրենքը չի կիրառվի, չնայած ցանկությունը լավն է, եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում այդպիսի օրենք վաղուց ընդունված է: «Ես տարբեր երկրների օրենքներ եմ ուսումնասիրել, բայց սա ոչ մի բանի լուծում չի տալիս, միայն ասում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է դատապարտվել»,- նշեց Բեգոյանը:

«Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպանական կազմակերպությունում, սակայն, համոզված են, որ այս նախագիծը լիարժեք է մեր այսօրվա վիճակի համար, իսկ օրենքը խնդրի կարգավորմանը կնպաստի այն ժամանակ, երբ գործադիր մարմինները պատշաճ կատարեն իրենց գործը։

«Բոլոր օրենքները պիտի վերանայվեն պարբերաբար եւ կիրառեն միջազգային նոր ակտերը։ Վերահսկելու խնդրով շատ կարեւորում եմ ժողովրդի տեղեկացվածությունը, ոստիկանության եւ մեր դատական համակարգի ակտիվ գործունեությունը»,- փոխանցեց Էլասիկ Ազիզյանը:

Հիշեցնենք, որ Խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը:

Նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձերի իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը: Այս արարքները պատժվում են տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով (100.000-300.000 դրամ) կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարել են մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 եւ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատկից 500-ապատիկի չափով (300.000-500.000 դրամ) կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Աղբյուր՝ armtims.com

Կիսվել նյութով