Մամուլ

Կարևոր պայմանագրեր. ինչ պարտավորություններ ունի ՌԴ-ն Հայաստանի հանդեպ (Տեսանյութ)

Կարևոր պայմանագրեր. ինչ պարտավորություններ ունի ՌԴ-ն Հայաստանի հանդեպ (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Դեռևս 1997 թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր:

Եվ Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես դիմելու հիմք պետք է հանդիսանալ հենց 1997 թվականին կնքված հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիրը:

Պայմանագրի 2-րդ հոդվածում ասվում է. Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:

տանկ

Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

Պայմանագրի երրորդ հոդվածը ավելի է մասնավորեցնում փոխադարձ պատասխանատվությունը. Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:

Հայաստանի նկատմամբ կա և՛ ագրեսիա, և՛ ագրեսիայի սպառնալիք: Հարվածել են Վարդենիսի գյուղերին, սպանել անզեն քաղաքացիների, իսկ հետո նաև վնասել են Հայաստանի տարածքում գտնվող ռազմական տեխնիկան:

Ավելին, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա:

102 ռազմաբազա

2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.:

Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն՝ ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց:

Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Share