Ազատ խոսք

«Կարելի՞ է արդյոք, որ երկրի ղեկավարը այսքան մակերեսային պատկերացում ունենա սեփական երկրի մասին»․ Արցախցու կոչը

«Կարելի՞ է արդյոք, որ երկրի ղեկավարը այսքան մակերեսային պատկերացում ունենա սեփական երկրի մասին»․ Արցախցու կոչը

Ռուզաննա Խաչատրայնը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է տումեցիներին։

«Բոլոր Տումեցիներին եմ ուղղում կոչս՝ կարդացե՛ք եւ տարածեք՝ որքան հնարավոր է։ Մեզ պարտավոր են լսել։ Տումեցիների հոգին դարձյալ փոթորկված է։

Ընդամենը մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի «նախագահ» (չնայած ես մտածում եմ, որ ո՛չ Արցախ ունենք, ո՛չ էլ առավել եւս Արցախի նախագահ, իսկ եթե ունենք՝ ասացե՛ք խնդրեմ, որտե՞ղ են գծվում մեր սահմանները, այն սահմանները, որ անվտանգության երաշխիք պիտի դառնային, այն սահմանները, որ միջազգայնորեն ճանաչված պիտի լինեին եւ վերջապես այն սահմանները, որի ներսում արցախցին պիտի ապրեր արցախցու հետ եւ ապրեր խաղաղ) Արայիկ Հարությունյանը որոշել է, որ Հադրութի շրջանի Տումի գյուղի տեղահանված բնակչությանը նոր կացարաններով ապահովելու համար համապատասխան տարածք են հատկացրել Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի հարակից տարածքներում։

Չէ, ես ուզում եմ հասկանալ, կարելի՞ է արդյոք, որ երկրի ղեկավարը այսքան մակերեսային պատկերացում ունենա սեփական երկրի մասին։ Տումին եւ տումեցիները առանձնահատկություն են՝ բառիս ուղիղ իմաստով։

Շատերդ, ովքեր հիմա կարդում են գրառումս, հավանաբար երբեք չեն եղել Տումի գյուղում, բայց նրանք, ովքեր երջանկություն են ունեցել իրենց կյաքում գեթ մեկ անգամ լինել այդ Դրախտում, վստահ եմ՝ մեղմ ասած փոթորկված են «նախագահի» այսօրվա որոշումից։ Դուք ուղղակի պարտավոր եք հաշվի նստել ամեն մի մանրուքի հետ՝ սկսած տեղանքի աշխարհագրական առանձնահատկություններից մինչեւ լեզվական-խոսվածքային յուրահատկություններ։

Շատ առանձնահատկություններ կարելի է թվել։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Տումիում ապրելն ու արարելը մի հերոսական կյանքի պատմություն էր, Իսկ մենք բոլորս այդ պատմությունը կերտողներն էինք։ Եթե ես սկսեմ խոսել տումեցու իմաստության, ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության ու պատվախնդրության մասին, տարիներն անգամ քչություն կանեն՝ ամեն երեւույթ օրինակներով ներկայացնելու համար։

Տում գյուղ

Հիշեք, թե քանի ականավոր գործիչներ է տվել Տումի գյուղը, հիշեք, թե քանի անմահ հերոսներ է տվել Մեծ Հայրենականում, 90-ականների արցախյան ազատամարտում, ապրիլյան պատերազմում եւ անցած տարվա արյունահեղ 44-օրյա պատերազմում, հիշեք, Թեւան Ստեփանյանին, հիշեք Սերգեյ Աբրահամյանին, հիշեք Տումու ամենաարցախյան, ամենաքաղցր խոսվածքը, հիշեք եւ ուղղակի ամաչե՛ք , ամաչեք հիշողության Ձեր կաղության համար։ Ես հիմա , վստահաբար, խոսում եմ տումեցիների առնվազն 80 տոկոսի սրտից։

Տվե՛ք մեզ, խնդրեմ , մի հիմնավորում, որի համաձայն Դուք նպատակահարմար եք գտել Տումու վերածնունդը Առաջաձորում անել։ Ես վստահ եմ, որ դուք չունեք որեւէ հիմնավորում։ Ես վստահ եմ, որ նույն հաջողությամբ Դուք կարող էիք որոշել , որ Տումի գյուղի փախստականներին կօգնեք տեղավորվել Դահրավ կամ Նորագյուղ գյուղերի հարակից տարածքներում։

Ի՞նչ է, տումեցու ճակատին ցուցանակի պես փակցվա՞ծ է միշտ չարքաշ կյանքով ապրելու փաստը։ Ի՞նչ կլինի, որ այս անգամ էլ տումեցի՛ն ապրի մայրաքաղաքին մոտիկ, որ կարողանա ազոխեցու եւ դրախտիկցու նման հեշտությամբ իրացնել իր մշակած բերքը։ Եւ վերջապես, ի՞նչ կլինի, որ գոնե հիմա, գոնե այսօր մի կողմ դնեք Ձեր աչք ծակող կողմնակալությունը։

Իմ շատ սիրելի՛ տումեցիներ, վստահ եմ, որ շատերդ եք համամիտ ինձ հետ, ինձ թվում է՝ առնվազն մենք այս ճակատագրին չէինք արժանի։ Ոչ մի դեպքում չի կարելի հաշտվել այս իրողության հետ։ Սա անամոթության գագաթնակետն է։Հիմա կասեք պատերզմից հետո չի կարելի պահանջատեր լինել, բայց արդեն ամենաթողության բոլոր սահմանները ոտնատակ եք տալիս։

Ամո՛թ է, Ձեր ապիկարության շնորհիվ է, որ հիմա Տումին՝ աշխարհի ամենահայկական գյուղը, ուղղակի խեղդվում է թշնամու շնչից։ Այդպես մի՛ վարվեք իմ հերոսական գյուղի հետ, մեր հերոսական ժողովրդի։ Ընդամենը մի քանի տարի հետո ամենը, ինչ կարող էր հիշեցնել Տումի գյուղի մասին, անհայտության գիրկը կգնա։ Ձեր տգիտությամբ մի՛ աղավաղեք մեր պատմությունը»։

Կիսվել էջում