Մամուլ

Կասկադյորական ավտովթար Երևանի կենտրոնում․ ԱԱԾ 26-ամյա աշխատակիցը ոչ սթափ վիճակում՝ Mazda-ով ավերածության հեղինակ

Կասկադյորական ավտովթար Երևանի կենտրոնում․ ԱԱԾ 26-ամյա աշխատակիցը ոչ սթափ վիճակում՝ Mazda-ով ավերածության հեղինակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Չարչյանը իր վարած ռուսական համարանիշներով Mazda մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողուցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել սրահներից մեկի ճաղավանդակները, բազալտե քարերը ու կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Չարչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերպապահ խմբին։

mazda avtovtar

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Երբ դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում հրշեջ-փրկարաները, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհի նշաններ էր նկատվել, վարորդը հրշեջ-փրկարաներին ասում էր․

aac

«Ախպերնե՛ր, մաշնիս բանալին գտեք, որ հեսա դզենք, խոդի տամ, գնամ տուն։ Ու եթե ձև կա, կուրտկաս էլ մեջից հանեմ, որ հագնեմ»։ Իսկ երբ փրկարաները նրան ասացին, որ կուրտկան թաց է, նա ծիծաղելով պատասխանեց․

«Ոչինչ, տանեմ տուն, կչորանա, կհագնեմ»։ Իսկ հետո փրկարարն իր ծառայողական բաճկոնը տվեց նրան, որ հագնի։

Կիսվել նյութով