Մամուլ

Կառավարությունը որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ»-ը

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում որոշում կայացրեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանից ներկայացուցիչներին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին և որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հստակ առաջարկություն տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ։

Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.

Կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պետք է անշարժ գույքը աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրով հատկացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաև ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին:

Ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում:

Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցներն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Խնամքի ծառայությունը, կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության և արդյունքում կբարձրանա շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաև տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները՝ ի հաշիվ ընտրված կազմակերպության կողմից կատարվող ներդրումների, որը ծառայությունների պատվիրակման համար պետք է լինի պարտադիր նախապայման, իսկ շարժական գույքն ամրացվելու է Հայաս¬տանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, պայմանով, որ լուծարման աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրով կհատկացվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Կիսվել նյութով