Մամուլ

Կառավարությունը որոշել է Սևանի սիգի որսն օրինականացնել

Կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել, որպեսզի սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը սեփական վերահսկողության տակ լինի և օրինական: Այս ոլորտում արդեն իսկ նոր ներդրող է գտնվել, ով հայտարարել է, որ պատրաստվում են ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն բացել: Իսկ զուգահեռ, նրանք, ովքեր նախկինում նույն գործով էին զբաղվում, կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ հայտարարել է, որ վերջին երկու տարում Սևանում սիգի պաշարները բավական շատացել են և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել: Ըստ նրա՝ սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային՝ 150 տոննա ձկան համար:

Դեռ 2006 թ․-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելվել էր: 

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանը հրավիրել էր նաև «Սիգ» ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն իրականացնող ընկերությանը:

Համաժողովին ընկերության ներկայացուցիչը վարչապետին և ներկաներին ծանոթացրեց բիզնես նախագծի հետ և նշեց, թե տեղեկանալով, որ ձկնարդյունաբերությունը զարգանում է  ՀՀ-ում, ցանկացել է ձկան արտադրամաս հիմնել, 25-30 տեսակ արտադրանքներով ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն հիմնել:  

«Այս բիզնեսը համարվում է հեռանկարային, քանի որ էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակ է , յուրահատուկ պահանջարկով թե՛ ՀՀ-ի սահմաններում, թե՛ ՀՀ-ի սահմաններից դուրս: Սկզբնական շրջանում նախատեսվում է արտահանել Վրաստանում և ՌԴ: Նախատեսում ենք ամսական ստանալ 25 տոննա արտադրանք, մեկ տարում հասցնել մինչև 80 տոննա ամսական կտրվածքով, որի հումքը ձեռք է բերվելու ինչպես ՀՀ-ի տարածքից, այնպես էլ ՌԴ-ից՝ Բայկալից»,-նշել էր գործարարը: Ըստ նրա՝ ծրագիրը արժե 130 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ապօրինի որսի ու տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ստվերային բիզնեսի մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսել էր  այս տարվա հուլիսի սկզբին և նշել, որ  հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էին իրականացնել տեսչական ստուգում, որն ընդհատվեց իրեն աշխատանքից ազատելու պատճառով:

Բարձրացված աղմուկից հետո գլխավոր դատախազությունից հայտարարություն տարածվեց, որ  սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քանի որ սիգի որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել են պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սիգի որսը թույլատրելու որոշումը հուշում է, որ կառավարությունը մտադիր չէ ավելորդ ջանքեր գործադրել արգելելու անօրինական որսը, և ոչ էլ իր առջև  խնդիր է դրել՝ Սևանա լճում սիգի պաշարները վերականգնել, այլ ընդամենը մտադիր է արդյունաբերական որսն իր վերահսկողությամբ իրականացնել:

«Իհարկե, քաջ հայտնի է, որ այդ արգելքները երբեք էլ չեն գործել և մշտապես սիգի որսը եղել է: Մշտապես դրա մասին խոսել են և՛  բնապահպանները, և՛ շատ լուրջ միջոցառումներ են արվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետ Արթուր Գրիգորյանի  կողմից, ով մեջտեղ բերեց բոլոր այդ խախտումները: Եվ, կարծես, սպասելի էր, որ արգելքն ավելի պետք է խստացվի, պարզվում է, որոշում են արգելքն  ընդհանրապես հանել:

Այսինքն՝ հիմա ուղղակի դա ավելի ակնհայտ կարվի, և այն մարդկանց համար, ովքեր մեկումեջ՝ երեք տարին մեկ կարող էին բռնել, տուգանել և ասել, որ որսագողությունն արգելվում է,  հիմա կդառնա օրինական: Միակ մարդը, որ այս ամենն ուզում էր դնել ճիշտ ռելսերի վրա, Արթուր Գրիգորյանն էր, ում կառավարությունը մեջտեղից հանեց ազատվելով ոչ միայն սիգի հարցում, այլ մնացած հարցերում բոլոր բարիերներից: Հիմա էլ հանգիստ նստելու են տեղները՝ ասեն, որ  մենք ինչ անում ենք՝ օրինական ենք անում»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում