Մամուլ

«Կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա». Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա

«Կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա». Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա

168.am-ը գրում է․ Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մեխակը. «Դե, Սիփան Փաշինյանը էկավ, ունը տվել են, գրանցել են իմ վրա: Էլի Կուրթանում ա, մեր տնից երևի 200-300 մետր վերև, էրկու հարկանի տուն ա»:

Նա հայտնեց, որ մնացել են փաստաթղթային վերջնական ձևակերպումները. «Ինձ ու վարչական ղեկավարին կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա, բայց պիտի կադաստր էլ գնացվի, թե ինչ՝ չգիտեմ»:

Մեխակի ոգևորություն անսահման էր, այնքան ուրախ էր կատարվածով, որ շտապեց տան լուսանկարներն ուղարկել. վերջապես ընտանիքը դուրս կգա թիթեղապատ ու փայտաշեն տնակից:

«Արդեն նոր տա՞նն եք»՝ հարցրինք Մեխակին:

«Որ գնացինք Երևան, ասավ՝ Մեխակ ջան, մի 20 օր կսպասեք, կգամ, բացումը կանենք, արդեն կմտնեք մեջը: Ասում են՝ էս երկու օրը պիտի գա, թե հմի բացումը կանի, թե հմի՝ ոնց, ինչ, չգիտեմ»,- պատասխանեց Մեխակը:

Նրա առողջական վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ. «Պառկեցի 10 օր, բայց գիշերները ցավ եմ ունենում շատ գեշ, ողնաշարիս ցավեր եմ ունենում»:

Կուրթան համայնքի ղեկավար Նարեկ Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է տան գնորդը, նա նշեց. «Տեղյակ չեմ մանրամասներից, թե գնորդն ով է»:

Կիսվել էջում