Մամուլ

Կալիֆորնիայում արջի զգեստով հայ տղամարդը վնասել է ավտոմեքենաներ․ նա ձերբակալվել է

Կալիֆորնիայում արջի զգեստով հայ տղամարդը փորձել է ապահովագրական վճարներ ստանալ վնասված ավտոմեքենաների համար, գրում է Sky News-ը։

2024 թվականի հունվարին Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող Արրոուհեդ լճի մոտ ենթադրաբար «արջը» մտել է 2010 թվականի Rolls-Royce Ghost ավտոմեքենա և քերծել դռներն ու նստատեղերը։

Ըստ ներկայացված հայցի՝ նույն կերպ և նույն ժամանակահատվածում վնասվել են նաև երկու Mercedes ավտոմեքենաներ՝ 2015 թվականի G63 AMG և 2022 թվականի E350 մոդելները։

Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը ավտոմեքենաների սեփականատերերից ստացել է տեսախցիկների տեսագրությունները և փոխանցել իրավապահներին։

Կալիֆորնիայի ապահովագրության դեպարտամենտի նախաձեռնած հետաքննության շրջանակում ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի կենսաբանը պարզել է, որ «արջը» իրականում մարդ է եղել՝ զգեստով։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ շքեղ ավտոմեքենաների վրա հարձակումները կազմակերպել են 39-ամյա Ալֆիա Ցուկերմանը, 26-ամյա Ռուբեն Թամրազյանը, 32-ամյա Վահե Մուրադխանյանը և 39-ամյա Արարատ Չիրքինյանը։

Կիսվեք ձեր էջում