Մամուլ

Ծնողը երեխային քոլեջից հանել, հետ է տարել դպրոց

Ծնողը երեխային քոլեջից հանել, հետ է տարել դպրոց

Hraparak.am-ը գրում է․ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում գիտելիք տալու փոխարեն գործարք են առաջարկում»,- դժգոհում է Տաթևիկ Ենգոյանը, որի որդին՝ Կարեն Ենոքյանը, երկու տարի ուսանել է այդ հաստատությունում։

Տիկնոջ փոխանցմամբ՝ այդ հանցավոր երեւույթի հետ ինքն առերեսվել է այն պահին, երբ գերազանց գնահատականներով դպրոցն ավարտած իր տղային քոլեջի ընդունելության քննությունների ժամանակ ցածր են գնահատել, որ գործարքի գնան՝ անվճար համակարգում տեղավորելու համար։

«Նախկին տնօրեն Գրիշա Մարգարյանը, որ բազմաթիվ ապօրինությունների համար կալանավորված է, 120 հազար դրամ ուզեց, որ տղաս երեք տարի անվճար սովորի։ Ես հրաժարվեցի․ վստահ էի որդուս ընդունակությունների վրա։

Համոզված էի՝ անվճարի «ուղեգիրն» ինքն անձամբ կվաստակի։ Բայց պարզվում է՝ թերագնահատել էի քոլեջի դասախոսական կազմի հնարամտությունները։ Նրանք դիտավորյալ տղայիս ցածր էին նշանակում, որ իրենց «ճիշտն» ապացուցեն»,- պատմում է  Տաթեւիկը։

Նրա որդու ուսումնառության շրջանը համընկել է քոլեջի խառնակ վիճակի հետ, երբ ԿԳՄՍ նախարարությունը տնօրեն Մարգարյանին պաշտոնից ազատել է, իսկ նոր ղեկավարի մրցույթում հաղթող է ճանաչել աշխատակազմի կողմից մերժված մեկին։ Օգտվելով ղեկավար կազմի փոփոխությունից՝ սովորողներից շատերը, այդ թվում՝ Կարեն Ենոքյանը, հասել են բաղձալի անվճարին։ Նույնիսկ կրթաթոշակ են ստացել՝ 4 հազար 700 դրամ։

«Բայց այդ կրթաթոշակն էլ էին քթներիցս բերում։ Ժամկետներ էին սահմանում՝ եթե մինչեւ իրենց նշած օրը բանկային հաշիվ չբացեինք, թոշակը հետ կգանձվի։ Համոզվելու համար դիմեցի ԿԳՄՍ նախարարություն, ասացին՝ եթե թոշակը նստել է, հետ գանձել չկա, պետք է ստանաք։

Երբ քոլեջում իմացան, որ դիմել եմ նախարարություն, դուրները չեկավ։ Ծնողներ էլ եղան, որ իմ օրինակով երեխաների չստացած կրթաթոշակը հետ ստանալու փորձեր արեցին»։ Տաթեւիկի ասելով՝ քննությունները եւս անվճար չեն եղել։ Ըստ նրա՝ ուսանողները ստուգման գրքույկի մեջ 5-10 հազար դրամ են դրել՝ գնահատական ստանալու համար։

Հասկանալով, որ իր տղան այստեղ ոչ միայն գիտելիք չի ստանում, հակառակը` անընդհատ պատմությունների մեջ է հայտնվում, Տաթեւիկ Ենգոյանը 17 տարեկան տղային քոլեջի 2-րդ կուրսից տեղափոխել է Արմավիրի 1-ին ավագ դպրոց։

«Իմ երեխան ուզում է բարձրագույն կրթություն ստանալ, դրա համար 9-րդ դասարանն ավարտելուց հետո քոլեջն ընտրեց, որ հարստացներ գիտելիքները եւ վստահ դիմեր բուհ։ Բայց այդ քաոսի մեջ իմացածն էլ մոռացավ։

Մենք էլ, առաջ գնալու փոխարեն, ստիպված նորից հետ գնացինք դպրոց։ Մի բան չեմ հասկանում․ երբ կրթական հաստատություններում մանկավարժների են աշխատանքի ընդունում, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում։ Արդյո՞ք միայն մասնագիտական կրթությունը բավարար է երեխաների հետ աշխատելու համար։

Մի՞թե կարեւոր չեն մանկավարժի սոցիալական վիճակը, բարոյահոգեբանական նկարագիրը, երեխաների հետ շփվելու հմտությունները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում