Մամուլ

Ծառի արմատ են կերել, ջուր չեն ունեցել․ հայրը՝ որդու հետ վերջին զրույցի մասին

Ծառի արմատ են կերել, ջուր չեն ունեցել․ հայրը՝ որդու հետ վերջին զրույցի մասին

Մանկուց ազատության ձգտող, ժիր ու նպատակասլաց։ Կռվեց հանուն ազատության, հանուն հայրենիքի ու զոհվեց՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում։ Արցախյան պատերազմի սուրբ նահատակներից է 19 ամյա Կարեն Հովհաննիսյանը։ Ծնունդով Շիրակի մարզի Գետափ համայնքից է։

Կարենի հայրը՝ Գրիգոր Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշել է, որ որդին բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք ցավոք այդպես էլ չեն իրականա։ «Իմ միակ որդին էր։ Փոքր տարիքից շատ աշխույժ է եղել։ Դպրոցում այդքան էլ լավ չի սովորել, բայց սիրված աշակերտ է եղել։ Իրա մոտ անկեղծությունն ու մաքրությունն է առաջին տեղում եղել, չէր սիրում, որ ստում էին»,- ասաց հայրը։

Կարեն Հովհաննիսյանը սիրում էր սպորտով զբաղվել, նաեւ պարում էի։ «Նպատակ ուներ բանակից հետ վերադառնար ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվեր, նաեւ պարի էր գնում, բոքսի»,- ասաց հայրը։ Կարենը բանակ զորակոչվել էր 2020 թվականի հուլիսի 8-ին։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Իրա ընկերները պատմել են, որ ֆիզիկապես պատրաստված էր Կարենս»,- պատմեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Ծառայությունից որդին երբեք չի դժգոհել։

karen hovhannisyan

Ծնողների հետ հաճախակի է զրուցել, ընդգծելով, որ ամեն ինչ լավ է։ «Ինքը շատ գոհ էր։ Անգամ վիրավորել էր, բայց մեզ չէր ասել։ Մեկ- մեկ որ ես խոսում էի, ասում էր պապ դու տղամարդ ես, դաժե իրա մամային ասում էր հո դու ղզիկ չես, չի կարելի, ինչ պատերազմ, ինչ բան, մենք բունկերների մեջն ենք, մենք կապ չունենք պատերազմի հետ։

Էդ 40 օրվա ընթացքում մի անգամ երբ հարցրեցի, թե տղես առաջին, թե՞ երկրորդ գիծ ես, ասեց՝ ավելի լավ է առաջինը լինեի»,- ասաց հայրը, հավելելով, որ և խաղաղ պայմաններում ծառայելիս և պատերազմի ժամանակ որդին չի դժգոհել ոչ սնունդից, ոչ պայմաններից։ Բայց հետագայում Գրիգոր Հովհաննիսյանը իմացել է, որ եղել է և սնունդի և հագուստի խնդիր։

Դա իրեն պատմել է կամավորներից մեկը, ով մեկնել էր ռազմաճակատ որդուն գտնելու և նրա հետ կռվելու համար։ «Ասում էր ուտելիքը նորմալ է, բայց իրականում այդպես չի եղել։ Իրա հետի կամավորների հետ եմ ես ծանոթացել, իրանք օրերով սոված են մնացել, ջուր չեն ունեցել, ծառի արմատ են կերել։

Դե բնական է՝ պատերազմ է հասկանում եմ, դաժե իրա հագի կոշիկը մի ամիս պոկված է եղել, նասկիով է եղել, կամավորն է սապոգ գտել, տվել է ասել է Կարեն ջան հագի։ Անգամ դա մեզ չի ասել»,- պատմեց հայրը։ Կարենը ծնողներին նաև չի հայտնել, որ բեկորային վնասվածք է ստացել, դրա մասին հետո են իմացել։

Կիսվել էջում