Մամուլ

«Ծաղիկներ՝ ՀՀԿ կանանց եւ ԴՈՒԽՈՎ գլխարկներ՝ տղամարդկանց»․Ալեն Սիմոնյանի առաջարկած ֆլեշմոբը

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ հանդես էր եկել հայտարարությամբ. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, այլ վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում, մտավախություն ունեմ, որ մենք չենք կարողանալու պատգամավորներին զերծ պահել «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց։ Այդ ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով: Իրենք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորության մեջ գցել: Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»:

Այսօր արդեն սոցիալական ցանցում տարածվել էին ՀՀԿ-ական գործիչների անուններով և «այստեղ է տվյալ անձի տեղը» գրառումներով աղբարկղերի նկարներ։ Արձագանքելով երևույթին՝ Սիմոնյանը հանդես է եկել կոչով.

«Մի արեք սենց բաներ! Չի՛ կարելի, ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բայց սա անընդունելի է: Կրկնում եմ. ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ: Հակառակ առաջարկ ունեմ. դրա փոխարեն ֆլեշմոբ արեք` ծաղիկներ՝ ՀՀԿ կանանց եւ ԴՈՒԽՈՎ գլխարկներ՝ տղամարդկանց: Թող տեսնեն մեր ուժը, մեր հանդուրժողականությունը եւ մեր սերը: Հայրենիքը մեկն է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Կիսվել նյութով