ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար, մահվան ելքով վրաերթեր Արարատի մարզում. կա 1 զոհ, 15 վիրավոր (Տեսանյութ)

Խոշոր ավտովթար, մահվան ելքով վրաերթեր Արարատի մարզում. կա 1 զոհ, 15 վիրավոր (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար, մահվան ելքով վրաերթ ու վրաերթեր է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 00։40-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Ford Transit, Mercedes, BMW, Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար Վարդան Պողոսյանը (ազատ հերթափոխ) օգնություն ցուցաբերելիս են եղել վարորդներին ու ուղևորներին, երբ վրացական համարանիշներով Mercedes-ը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, փրկարարին ու բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնները, սահմանազատել տարածքը, տուժածներին դուրս բերել ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենաներին։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, ավագ քննիչներ Արտակ Ավագյանի, Էդվարդ Գաբրիելյանի, Լուսինե Գրիգորյանի և Արման Սիմոնյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում