Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն բախվել է ծառին. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն բախվել է ծառին. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու  Հրանուշ Խաչատրյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Կիսվել էջում