Մամուլ

Լուսիան շարունակում է սպասել հորը, որը «հեռու Արցախում դեռ աշխատանքի է»

Լուսիան շարունակում է սպասել հորը, որը «հեռու Արցախում դեռ աշխատանքի է»

«Երեխան, որ զինվորական համազգեստով մարդ է տեսնում, ասում է «պապան հեռու տեղից եկել ա», որովհետև մինչ օրս նրան ասում ենք պապան հեռու է, Արցախում է, գործի է գնացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Կարմիր գյուղից տեղահանված և Արմավիրի մարզում ապաստանած Մարգարիտա Հարությունյանը։

Նրա եղբայրը՝ ՊԲ ավագ լեյտենանտ Անդրանիկ Հարությունյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ զինադադարից րոպեներ առաջ։ 

«Անդրանիկին ազատ ժամանակ տեսնել հնարավոր չէր, իր գիտակցական ամբողջ կյանքը նա նվիրել է ծառայությանը։ Պայմանագրային էր, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար ստացել է զինվորական կոչում։

2023-ի սեպտեմբերին արձակուրդում էր։ Մեզ համար անսովոր հաճելի էր, որ վերջապես տանն է։ Բայց ուրախությունը կարճ տևեց, քանի որ սեպտեմբերի 16-ին «համար 1» հրամանով նորից գնաց մշտական տեղակայման վայր»,- պատմում է հերոսի քույրը։

Իրավիճակով պայմանավորված երիտասարդ սպան և իր ստորաբաժանումը բարձրանում են դիրքեր՝ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ։ Սա այն տարածքն է, որտեղ իրադրությունը մշտապես լարված է եղել Քարագլուխ բարձունքի անկումից հետո։

«Զանգում էր, խոսում էինք առօրյայից, ծառայությունից էինք հարցնում։ Հաճախ կնոջ՝ Արմինեի ու դստեր՝ Լուսիայի հետ էր խոսում։ Վստահեցնում էր, որ ինքը լավ է, իր մոտ ամեն բան կարգին է։

andranik

Սեպտեմբերի 19-ին ես դպրոցում էի, դասավանդում եմ, Անդրանիկը զանգեց, որպեսզի միանգամից բաց հարցեր չտար, ասում էր՝ «ամեն ինչ նորմա՞լ ա»: Որպեսզի աշակերտների մոտ խուճապ չառաջացնեի, ասացի, որ մեզ մոտ էլ հանգիստ է, ուղղակի Հարավի ուղղությամբ առավոտյան կրակել են։ Շատ չանցած  պատերազմը սկսվեց»։

Անդրանիկը հմուտ զինվորական էր, տիրապետում էր ռազմարվեստի կանոններին։ Մարտական մկրտությունը ստացել էր 44-օրյա պատերազմին։ Մարգարիտան ասում է, որ եղբայրն այնքան էր կապված զինվորական կյանքին, որ հազվադեպ դեպքերում է մասնակցել ընտանեկան տոներին։

«Անդրանիկը զոհվել է թշնամու դիպուկահար մահացու կրակից հրադադարից րոպեներ առաջ։ Նա անմահացավ Արցախը պաշտպանելիս ու Արցախի հողն էլ ամուր գրկեց նրան։ Մորգից անընդհատ զանգում ու ասում էին՝ «տեղ չկա, պիտի տանեք, հուղարկավորեք»։

Պատկան մարմիններն էլ ոչինչ չէին ասում, իրավիճակը քաոսային էր, չգիտեինք, որ հայաթափում է լինելու, և որ հուղարկավորումից օրեր անց էլ քաղաքում մարդ չի մնալու։ Սեպտեմբերի 22-ին Անդրանիկի մարմինն ամփոփվեց Եղբայրական հուշահամալիրում»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում