ՄամուլՏեսանյութ

«Լույս ես, ի սրտե». ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին

«Լույս ես, ի սրտե». ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին

Մեկ տարի առաջ երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ռիտա Սարգսյանը։ Հեռացավ՝ թողնելով բարի հուշեր, ջերմության ու քնքշության անմոռանալի զգացողություններ բոլոր նրանց մոտ, ում հետ հասցրել էր շփվել, օգնել, նվիրել երկրորդ կյանք։

«․․․Զրուցում էինք, ու հիմնական զրույցն այն մասին էր, թե ինչպես պաշտպանել երեխաներին։ Բոլոր այն երեխաներին, ում առաջ ինքը, միևնույն է, պատասխանատվություն էր կրում։

Անկախ նրանից՝ կարգավիճակով ով էր, միևնույն է, այն բալիկների համար, ում հետ կապը շարունակվեց մինչև նոյեմբերի 20-ը, բոլոր հին ծանոթությունների, բոլոր հին ընկերների միջնորդությամբ տարբերակներ էր փնտրում, որ շուտ օգներ»,- Ռիտա Սարգսյանի կյանքի վերջին շրջանի մասին հուշերով են կիսվում մարդիկ, ովքեր նրա կողքին մնացին մինչև վերջ։

«Իր մեջ մարմնավորում էր ավանդական հայ կնոջ կերպարը», «Նեղ օրվա ընկեր էր», «Միշտ անկեղծ էր ու իսկական՝ կյանքի բոլոր դրսևորումներում», «Մարդկային մեծ ջերմություն տվող, կատաստրոֆիկ ուշադիր էր», «Շատ հոգատար էր․ երբ նախագծեր էին անում, միշտ հետաքրքրվում էր՝ մասնակիցները երեկոյան ո՞նց են տուն վերադառնալու, իսկ առավոտյան նշանակված փորձին կկարողանա՞ ն հասնել։ Հոգատարության տոկոսն իր մոտ շատ բարձր էր»,- պատմում են նրանք։

ռիտա սարգսյան

«Նվիրիր կյանք հիմնադրամը» Ռիտա Սարգսյանի կենսակերպն էր։ Ցանկանում էր օգնել բոլորին․ երեխաներին գիտեր անուններով, բոլորի հիվանդությունների պատմություններն ուսումնասիրում էր, օգնում էր բուժում ստանալ արտերկրում, բայց ամենակարևորը՝ փոքրիկների ընկերն էր ։

«Նա ստեղծեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի ամբողջ մթնոլորտը։ Ոչ միայն ուղղակի հիմնադրամ, որը պետք է գումար հավաքեր ու ինչ-որ ծրագրեր իրականացներ ծանր հիվանդություններով երեխաներին օգնելու համար, այլ մթնոլորտ էր ստեղծված»,- պատմում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

«Երբ պիտի գար հիվանդանոց, զգաստացա, մտածեցի՝ առաջին տիկինն է գալիս, ո՞նց պիտի խոսեմ։ Բայց մոտեցավ ինձ, գրկախառնվեց, համբուրեց ու ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ հետո արդեն, երբ հանդիպում էինք, ո՞նց է՝ երբ տատիկը գալիս է գյուղից, ո՞նց են դիմավորում նրան, տիկին Ռիտային հենց էդպես էինք դիմավորում»,- հիշողություններով է կիսվում «Նվիրիր կյանքի» շահառուն, որին տիկին Ռիտան օգնել է հաղթահարել քաղցկեղը։

Ռիտա Սարգսյան

Ռիտա Սարգսյանին առանձնահատուկ ջերմությամբ են հիշում աուտիզմով հիվանդ երեխաների ծնողները․ «Արբես» առողջության կենտրոնի ստեղծման գործում իր մեծ ներդրումն է ունեցել հենց նա։ Առանձնահատուկ ջերմությամբ հիշում են զոհված զինծառայողների ծնողները, մշակույթի բազմաթիվ գործիչներ, բազմաթիվ մայրեր, ում մայրանալու բերկրանքը պարգևել է «Արագիլ» հիմնադրամը․ այն գլխավորում էր տիկին Ռիտան։ 700-ից ավելի երեխաներից յուրաքանչյուրի լույս աշխարհ գալու ավետիսին սպասում էր անհամբերությամբ․․․

«Միշտ ուզում էր ամեն ինչ հասցնել՝ եկեք այսօր անենք, ինչու՞ վաղը, այսօր ․․․ Նրա կրակն այնքան մեծ էր, որ մինչև այսօր վառվում է», «Երբ նա գնաց, ինձ թվաց, թե մի գարուն պակասեց»,- ասում են Ռիտա Սարգսյանի հետ կյանքի տարբեր փուլերում հանդիպած ու նրա էությունը գնահատող մարդիկ։

Նաև նշում են․ «Նա բոլորին ներում էր, նույնիսկ իր թշնամիներին», «Այդքան պայծառ, կյանք սիրող, հաց տվող, հայրենասեր, արժանապատիվ, բարոյական կինը, ով շատ-շատերի համար շատ-շատ բան արեց ու շատ բան տեսավ, ներեց․ ներեց ու գնաց ․․․»։

«Լույս ես, ի սրտե» ․ «Շարմ Հոլդինիգի» ֆիլմը նվիրված է տիկին Ռիտա Սարգսյանի անմար հիշատակին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով