Շոու-բիզնես

«Լինում են իրար չհասկանալու դեպքեր, վեճեր, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր»․ Նարբեն ու Աստղիկը նշում են ամուսնության 7-ամյակը

«Լինում են իրար չհասկանալու դեպքեր, վեճեր, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր»: Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը միասին են արդեն 14 տարի։ Դերասան ամուսիններն այսօր նշում են իրենց հարսանիքի 7-րդ տարին։ Դերասանուհին ժպիտով նշեց, որ 7 տարի սպասել են ամուսնու՝ Նարբեի համար այդքան ցանկալի 12․12․12 ամսաթվին, որպեսզի օրինականացնեն իրենց հարաբերությունները և ստանան Աստծո օրհնությունը։ Ինքն էլ 2 տարի հարսի զգեստ է ընտրել: 

Tert.am Life-ն Աստղիկի հետ զրուցել է զույգի համար կարևոր տարեթվի, ամուսնության տարեդարձը նշելու և երջանիկ ընտանիք ունենալու բանաձևի մասին։  

Աստղիկ Ալավերդյան

Աստղիկը նշեց, որ իրենց համար սա ամենամեծ տոներից է, որն ամեն տարի պարտադիր նշում են․ «Անպայման նվերներ ենք պատրաստում միմյանց համար, երեկոն միասին ենք անցկացնում, որովհետև դա մեր տոնն է՝ մեր սիրո տոնը։ Նարբեն երբեք չի մոռանում մեր ամուսնության օրը, դժվար էլ երբևէ մոռանա, որովհետև ինքն իր գիտակցական ողջ տարիքում երազանք է ունեցել ամուսնանալ հենց այդ օրը, այդ ամսաթիվն իր համար մեծ նշանակություն ունի։ Նարբեն ամեն տարի առաջինն է քայլ անում, մի քանի օր առաջ մտածում է, թե ինչպես նշենք մեր օրը»։  

Աստղիկի և Նարբեի համար այս տարի ամուսնության տարեդարձը յուրահատուկ է, քանի որ առաջին անգամ ենք ընտանեկան տոնը նշելու են չորսով․ «Դուստրս՝ Շուշին, տարեսկզբին ծնվեց։ Էմոցիոնալ դաշտում փոփոխությունները շատ են։ Դստերս ծնունդը մեր ընտանքին է՛լ ավելի ամրացրեց, իսկ զգացմունքները՝ խորացրեց։ Հետաքրքիր է, որովհետև դա ակնհայտ է, առաջինը մենք ենք զգացել, թե որքան դրական է անդրադարձել Շուշիի ծնունդը մեր ընտանիքի վրա»։

Երկար տարիներ է՝ ինչ զույգը միասին է: Մինչև ամուսնությունն էլ նրանք միասին են ապրել: Ըստ Աստղիկի՝ ժամանակի հետ կարողացել են գտնել երջանիկ ընտանիք ունենալու իրենց բանաձևը․

«Մենք մեր հարաբերությունների վրա աշխատել ենք և շարունակում ենք աշխատել ամեն օր, ամեն վայրկյան։ Երբեք չենք մտածել, որ իրար սիրում ենք, երկու երեխա ունենք, ուրեմն վերջ՝ էլ որևէ բան անել պետք չէ, կարող ենք սահմանափակվել այդքանով։ Մեր զգացմունքների տեսանկյունից էլ միշտ ավելիին ենք ձգտում՝ աշխատում ենք, փորձում ենք մեր սխալներն ուղղել, դժվարությունների, հակասությունների դեպքում էլ քննարկում ենք խնդիրը, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք։ Ցանկացած հարցի դեպքում ամեն ինչ անում ենք հօգուտ ընտանիքի»։

Աստղիկ Ալավերդյան

Դերասանուհու կարծիքով՝ ընտանիքը մեկ ամբողջություն է, որտեղ մեկը մյուսին պետք է հարգեն, լսեն միմյանց  կարծիքն ու հաշվի նստեն․

«Տղաս՝ Մոնթեն, արդեն գիտակցական տարիքում է՝ 5 տարեկան,  իր կարծիքն էլ ենք հաշվի առնում։ Ընտանիքում, անկախ տարիքից, պետք է լսել բոլորի կարծիքը։ Ընտանիքը մի ընդհանուր մարմին է, որտեղ բոլորն իրար առաջ հաշվետու են։ Եթե որևէ հարցի վրա աչք ես փակում, այն ավելի է խորանում։ Մենք մեր ընտանիքում և մեր միասին եղած այս տարիների ընթացքում համոզվել ենք և մեր օրինակով էլ ապացուցում ենք, որ սա երջանիկ ընտանիք ունենալու բանաձևն է։  Խնդիրների մասին պետք է խոսել և լուծումներ գտնել»։

Աստղիկը ժպիտով նկատեց, որ ամուսնության առաջին երկու-երեք տարվա ընթացքում բարդ էր, քանի որ առաջ էին գալիս համատեղ կենցաղավարության հետ կապված հարցեր․

«Մեր ամուսնության առաջին երկու-երեք տարին կենցաղը դարձավ խանգարող հանգամանք։ Որևէ մեկը չի կարող հերքել այդ խնդիրը։ Կենցաղը սկզբում խանգարում է, որովհետև երկուսի համար էլ նոր կենցաղավարություն է, նոր ապրելաոճ, անսովոր իրավիճակ։ Այս համատեքստում պետք է այնքան խելացի գտնվել, որպեսզի հաղթահարես, սիրով ու պատվով դուրս գաս իրավիճակից։  Լինում են իրար չհասկանալու դեպքեր, վեճեր, սակայն ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում