Մամուլ

Լենա Նազարյանի ուշագրավ պատասխանը՝ Գագիկ Ծառուկյանին

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի կարևոր հայտարարություններ արեց հեղափոխությանը միանալու, աջակցելու, նաև ջրով մատակարարելու հետ կապված։

Այն հարցին թե՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ծառուկյանը միկողմից ասում է՝ ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ուզում է արտահերթընտրություն, մյուս կողմից դժգոհություններ հայտնում ձեռք բերված պայմանավորվածությունների, նաև ժամկետների հետ կապված, Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է հետևյալ կերպ՝

-Երկար ժամանակ փնտրում էին, թե ո՞վ է ֆինանսավորել հեղափոխությունը և վերջապես պարզվեց, որ Ծառուկյանը ջուր է մատակարարել․․․

Լենա Նազարյանի այս խոսքի, պատասխանի մեջ, թերևս ոչմի վիրավորական, առավել ևս հեգնական արտահայտում չկա։ Փաստացի, ԱԺ Ելք խմբակցության ղեկավարն ասաց այն, ինչ իրականում կա․ բացառությամբ այն հանգամանքի, որ Նազարյանի խոսքում, թերևս, կար ենթատեքստ։

Այն, որ հեղափոխությունը արել է ժողովուրդը, այդ բոլորն են ընդունում, այն որ հեղափոխության առաջնորդ է Նիկոլ Փաշինյանը, այդ նույնպես հայտնի է բոլորին։ Գաղտիք չէ նաև այն, որ համակիր բոլոր կուսակցությունները Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը միացան այն ժամանակ, երբ չմիանալն ուղղակի անտրամաբանական էր, իսկ անկախ մնալն անկարելի։

Լենա Նազարյանի խոսքում, իսկապես չկար վիրավորանք, չկար հեգնանք, սակայն կար կոպտություն՝ կապված այն բանի հետ, որ երբևէ պետք չէ ի ցույց դնել այն, ինչ արվել է ի շահ ժողովրդի, և առավել ևս որևէ բան սպասել դրանից, եթե իհարկե այն ինչ արվել է էղել է առաջին հերթին ի շահ ժողովրդի, այլ ոչ թե սեփական շահերի։

Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է հետևյալ հուշագիրը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:

Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ թեկնածուի:

Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության: Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Աղբյուր՝ newstime.am

Կիսվել նյութով