Մամուլ

Լարված իրավիճակ Արարատի մարզի Խաչփար գյուղի դպրոցում․ ծնողները պատրաստվում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ

Լարված իրավիճակ Արարատի մարզի Խաչփար գյուղի դպրոցում․ ծնողները պատրաստվում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 30-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։

Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի բակում էին հավաքվել գյուղի մի քանի բնակիչներ, որոնց երեխաները սովորում են նշված դպրոցում, և պահանջում էին, որպեսզի Արարատի մարզպետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուները լսեն իրենց ձայնն ու հանգուցալուծում տան դպրոցում տիրող անառողջ մթնոլորտին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բողոքի ակցիայի մասնակից ծնողներն ասում էին․

«Դպրոցի ուսմասվարը, ով շուրջ 17 տարի եղել է դպրոցի տնօրեն, հիմա նորից հայտ է ներկայացրել, որպեսի մասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։

Մենք 17 տարի տեսել ենք նրա աշխատանքը, և այն մեզ չի գոհացրել։ Հիմա նոր տնօրենի պաշտոնակատար է եկել, ով ուժերի ներածին չափով փորձում է դպրոցը ուշքի բերել։

Բայց նախկին տնօրենը, ով դարձյալ հավակնում է տնօրենի պաշտոնին, խոչընդոտում է։ Դպրոցի մարզադահլիճը, սանհանգույցները, դահլիճը, էլ չենք ասում՝ դասարաններն ու ճաշարանը ամբողջությամբ ավերակներ են հիշեցնում։ Բավական է, հոգնել ենք։

Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք էլ բազմաթիվ ծնողների նման մեր երեխաներին կհանենք այս դպրոցից»։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ ֆոտոլրագորղի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքը Արարատի մարզպետարանի կողմից հատուկ նշանակվել է պաշտոնակատար, որպեսզի հետո դառնա տնօրեն։

«Փառք Աստծո, ես դրա հավակնությունը չունեմ։ Ես եկել եմ այն առաքելությամբ, որպեսզի դպրոցը շենացնեմ։

Ոչ մի քաղաքականություն և քաղաքական ինտրիգներ չկան։ Այդ ամենը հերհյուրանք է»,- ասաց նա։Իսկ դպրոցի  մեկ այլ աշխատակցուհի էլ պնդում էր, որ այդ ամենը սարքված է վերևների կողմից։

Եվ հենց բակում նրա ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև թեժ բանավեճ տեղի ունեցավ, միմյանց մեղադրելով պատվերներ կատարելու մեջ։

Կիսվել նյութով