Մամուլ

Լավ լուր․ կարմիր գծերը վերացնելու որոշում կկայացվի. ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Չի բացառվում, որ «կարմիր գծերի» վերացման որոշում կայացվի, դա քննարկվող տարբերակներից մեկն է: Պետք է ուսումնասիրել, որոշել՝ որն է ամենաօպտիմալ, հնարավորինս արդյունավետ տարբերակը՝ թե՛ ճանապարհների բեռնաթափման, թե՛ հավելյալ ծախսերից ազատվելու տեսանկյունից:

Այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը: «Տարբեր առաջարկներ կան «կարմիր գծերի» մասով՝ ամբողջությամբ վերացնել, թե միգուցե փոփոխությունների ենթարկել: Հանձնաժողովները պետք է բոլոր առաջարկները քննարկեն, և դրա հիման վրա վերջնական որոշում կայացվի: Խմբակցության ներսում էլ տարբեր տեսակետներ են հնչում, որոշ ՀԿ-ներից էլ առաջարկներ կան: Օրինակ՝ միգուցե գոտիավորման մոտեցում լինի»,- նշեց նա:

Սուրեն Էյրամջյանի խոսքով՝ քաղաքապետարանում այժմ բոլորն առաջնահերթ կենտրոնացած են աղբահանության խնդիրների վրա:

Կարճաժամկետ լուծումներից հետո քաղաքային նոր իշխանությունը գնալու է աղբահանության ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման։

«Բազմաթիվ ահազանգեր են լինում, ավագանու անդամներն այցելում են, բայց նույնիսկ դա փորձում ենք որոշակի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել: Կա որոշակի գործառույթների խնդիր, որ ավագանիները փորձեն ահազանգերն ուղղորդել համապատասխան վարչություններ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում ներկայացված ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացմանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց.

«Դրանով իրականում պետք է զբաղվեն քաղաքապետն ու աշխատակազմը, ավագանու գործառույթներից է այդ ամենը վերահսկելը: Իհարկե, որոշ չափով նաև փորձում ենք դրան անդրադառնալ: Հանձնաժողովների գլխավոր աշխատանքը կայանալու է հենց դրանում, որպեսզի հետևեն ընթացքներին, նախագծերին, դրանք ուսումնասիրեն և եզրակացություններ տան»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի գնի հնարավոր թանկացման մասին: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետը գրել էր, որ դեմ է տրանսպորտի սակագնի բարձրացմանը․«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»:

Սուրեն Էյրամջյանն ասաց, որ տրանսպորտի գնի թանկացման հարցի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի, քաղաքապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ ամեն ինչ ասել է: Նրա խոսքով՝ առաջնահերթությունների մեջ է երևանցուն բարեկարգ տրանսպորտով ապահովելու հարցը, բայց խնդրին պետք է տրվի ամբողջական և համակարգային լուծում:

«Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներից մեկով նախատեսվում է նաև Աջափնյակում՝ «Թումոյի» հարակից տարածքում, մետրոյի նոր կայարանի կառուցել.

«Հիմա պետք է սկսվի դրա պլանավորումը, որպեսզի իրականացման պրոցեսն ընթացք ստանա: Ժամկետներ կդժվարանամ նշել, որովհետև դա որոշակի գործոններից է կախված: Բազմաթիվ հարցեր կան՝ ֆինանսավորման և այլն, որոնք քննարկելուց հետո արդեն որոշակի պատկեր կլինի, այդ ժամանակ արդեն ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել այս մասին»,- հայտնեց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով