Մամուլ

Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել. Տարասով

Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել. Տարասով

News.am-ը գրում է․ Իրանը կարող է չճանաչել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը եւ կարող են բարդություններ առաջանալ. Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ պատրաստ է զորքեր ուղարկել։

Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա հիշեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ է քաշել Ադրբեջանը, այն որպես տերմին չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այն պայմանը, որի համաձայն ճանապարհը կանցնի ռուսական ԱԴԾ-ի հսկողության տակ, ըստ Տարասովի, նյարդայնացնում է Իրանին, քանի որ նա վախենում է, որ նրանք (Թուրքիան եւ Ադրբեջանը – խմբ.) կարող են ռուսներին վտարել, վերահսկել ճանապարհն ու թյուրքական կամուրջ ստեղծել։

«Կարծում եմ, որ այդ ամենը հորինված է: Միգուցե Ալիեւն ու Փաշինյանը քննարկում են անձնական խոսակցություններում, սակայն հանրային մակարդակով դեռեւս ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններ են արվում»,- կարծում է փորձագետը։

pashinyan erdogan

Նա մատնանշեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման պայման է դնում։

«Իրանը գոհ չէ այս իրավիճակից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Երեւանի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ՝ Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ։ Պուտինը թույլ չտվեց Թուրքիայի ուղղակի մասնակցությունը. այն Ղարաբաղի հետ կապ չունի:

Պատմականորեն սա Իրանի ազդեցության գոտին է, որը, սակայն, հրավիրված չի եղել բանակցություններին։ Թեհրանը կարծում է, որ հնարավոր է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, կարելի է խոսել կոմունիկացիաների մասին եւ այլն, սակայն համաձայնագիրը պետք է ստորագրվի իր մասնակցությամբ։

Իրանը կարող է չճանաչել խաղաղության պայմանագիրը, կարող են բարդություններ առաջանալ. Թեհրանն անգամ պատրաստ է զորքերը մտցնել այս գոտի։ Երեւանն ու Բաքուն այս խնդիրը պետք է լուծեն նաեւ Իրանի հետ»,- հավելեց քաղաքագետը։

Կիսվել նյութով