Մամուլ

Իշխանասարի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 23-ամյա Տարոն Սարիբեկյանը (ֆոտո)

Իշխանասարի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 23-ամյա Տարոն Սարիբեկյանը (ֆոտո)

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 23–ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տարոն Սարիբեկյանը։

Տարոնը ծնունդով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր, նա 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան, իսկ դպրոցն ավարտելուց հետո՝ վերադարձել Հայաստան։

Տարոնն ավարտել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի տնտեսագիտության բաժինը, ապա՝ ընդունվել մագիստրատուրա, կես տարի սովորելուց հետո՝ 2022 թվականի հունվարին, զորակոչվել էր բանակ։

taron saribekyan 2

News.am-ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Վրեժ Վարդանյանը պատմեց, որ Տարոնը զոհվել է սեպտեմբերի 13–ին Իշխանասարի ուղղությամբ ԱԹՍ–ի հարվածից։

«Տարոնը Հայաստան էր եկել մենակ, սովորելուն զուգահեռ աշխատում էր։ Մագիստրատուրայի առաջին կուրսի կեսից բանակ գնաց, սկզբում Կապանում, հետո Սիսիանում էր ծառայում, հրետանավոր էր։ Տարոնն ութուկես ամսվա ծառայող էր, հուլիսին արձակուրդ էր եկել։

Շատ գոհ էր ծառայությունից, իրենից փոքրերի հետ էր ծառայում, բայց այնպես էր կազմակերպել, որ որեւէ խնդիր չուներ, իր հրամանատարներին շատ էր գովում։ Ժպտերես, կենսուրախ, իր խոսքի տեր տղա էր  Տարոնը»,– պատմեց Վրեժը։

Տարոնին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 16–ին, զինվորական կարգով, հայրենի Բյուրական գյուղում։

Կիսվել էջում