ԱշխարհՄամուլ

Ինչպես է պայթուցիկը անցել Հայաստանով

Ինչպես է պայթուցիկը անցել Հայաստանով

1in.am-ը գրում է․ Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությանը, կապված Ղրիմի կամրջի պայթյունի գործի հետ:

ՌԴ ԱԴԾ հայտարարել է, որ բացահայտել են գործը, ներառյալ պայթուցիկի այսպես ասած երթուղին: Ըստ այդ հաղորդագրության, պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի հատուկ ծառայությունը:

ՌԴ ԱԴԾ նշում է, թե պայթուցիկը շինարարական պարագաների բեռի մեջ փաթեթավորվել է Օդեսայում, հետո ուղարկվել Բուլղարիա, այնտեղից բեռը Վրաստանով հատել է Հայաստանի սահմանը, Հայաստանում մաքսազերծվել, հետո Վրաստանով տեղափոխվել Ռուսաստան, բեռնաթափվել Արմավիրում, որից հետո բեռնատարով տեղափոխվել Ղրիմ: Այդ ընթացքում թե Հայաստանում, թե Վրաստանում և Ռուսաստանում, ըստ հաղորդագրության, փոխվել են բեռի փաստաթղթերն ու բեռնափոխադրումն իրականացնող իրավաբանական անձինք:

Ըստ էության, բարդ է ասել, թե ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունը որքանով է արտացոլում ամբողջ իրականությունը և որքանով է իր մեջ պարունակում հնարավոր քաղաքական երանգներ, որոնք կարող են կապված լինել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Հայաստանի և Վրաստանի հետ:

krim most raz

Այդ տեսանկյունից, Հայաստանի գլխավոր դատախազության արձագանքը կարևոր է, առավել ևս նկատի ունենալով այն, որ ձերբակալվածների շարքում կան թե ՌԴ, թե Վրաստանի և թե Հայաստանի քաղաքացի՝ Արթուր Թերջանյան, որը հայտնի չէ, թե հատկապես ինր առնչություն է ունեցել այդ ամենին:

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ», հայտարարում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հանգամանքների ամբողջական բացահայտման գործում աշխույժ աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի թե չլինի Հայաստանի քաղաքացու հասցեին հանիրավի որևէ մեղադրանք՝ իսկ եթե կա հիմնավոր մեղադրանք կամ կասկած, ապա այն իհարկե պետք է ստանա համապատասխան գնահատական ու ընթացք, և թե չլինի Հայաստանի հանդեպ քաղաքական շահարկում:

Առավել ևս կասկած չկա, որ լինելու են թե ռուսաստանյան, թե ադրբեջանական, թե թուրքական շրջանակներ, որոնք արդեն իսկ ձեռնմուխ կլինեն Հայաստանի հասցեին այդ շահարկումներին, ինչպես անում են որևէ այլ մեծ կամ փոքր առիթի դեպքում:

Միևնույն ժամանակ, այստեղ շատ կարևոր է, որ դրանց չտրվի նաև հանրությունը, ընդ որում՝ որևէ իմաստով, լինի Հայաստանի հանդեպ շահարկումների, թե Հայաստանում ՌԴ անվտանգության կառույցների հանդեպ շահարկումների փորձերին:

Սրանից զատ, կա թերևս մեկ այլ հանգամանք, անմիջականորեն Հայաստանի անվտանգությանն առնչվող: Եթե Ռդ ԱԴԾ հաղորդագրությունը չի պարունակում մտացածին դրվագներ, ապա Հայաստանի համար շատ կարևոր է քննության գործին ներգրավվածությունը մեկ այլ հարցի պատասխանի համար՝ ինչպե՞ս է պայթուցիկով բեռը անցել Հայաստանով, որովհետև այս դեպքում հանգամանքների պարզումը շատ կարևոր է նաև անմիջականորեն Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման կարողությունը, կանխարգելիչ կարողությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով նաև չափազանց զգայուն աշխարհաքաղաքական միջավայրից բխող անվտանգության հարաճուն ռիսկերը:

Կիսվել նյութով