Մամուլ

Ինչպես գումարտակի բուժակը փրկեց դիրքի ավագի կյանքը և ինչպես տղաները դուրս եկան շրջափակումից

Ինչպես գումարտակի բուժակը փրկեց դիրքի ավագի կյանքը և ինչպես տղաները դուրս եկան շրջափակումից

Թե ինչպես գումարտակի բուժակը փրկեց դիրքի ավագի կյանքը և ինչպես տղաները դուրս եկան շրջափակումից։ Այս մասին Bavnews.am-ին պատմեց Ալեքս Սարգսյանը։

Տղաները դիրքեր էին բարձրացել սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից օրեր առաջ:

Սովորականի նման յուրաքանչյուրը կատարում էր իր առջև դրված ծառայողական պարտականությունն ու հսկում էին իրենց վստահված սահմանի անառիկությունը:

Սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերն անց հանկարծ իրավիճակը առաջնագծում փոխվեց, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներով սկսեց գնդակոծել հայկական դիրքերը:

Տղաները մի պահ լարվեցին, հետո տագնապ հրամանով զենքերը վերցնելով շտապեցին դիտակետերում կանգնած զինակից ընկերներին օգնության:

Հակառակորդը արկակոծում ու կրակում էր անդադար, մթության մեջ երևում էին դեպի հայկական դիրքերի ուղղությամբ արձակվող արկերից վառվող կրակն ու պայթյունների ձայները:

Տղաները իրենց դիրքից օգնում էին հարևանությամբ գտնվող հենակետերի զինվորներին, պաշտպանում նրանց թիկունքն ու հակահարված տալիս թշնամու մեծաքանակ զորքին:

Մինչև լուսաբաց տղաները կռվեցին ու պաշտպանեցին իրենց դիրքը: Հանկարծ նկատում են, որ թշնամին մի քանի հարյուր զինվորներով շարժվում է իրենց ուղղությամբ, հրամանը մեկն էր, անառիկ պահել դիրքն ու կռվել մինչև վերջին փամփուշտը:

ruben begoyan vladimir vardanyan

Առաջադրանքը կատարված է, բայց թշնամու արկի պայթյունից վիրավորվում են դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանն ու տղաներից մի քանիսը:

Հենց վիրավոր վիճակում էլ նրանք շարունակում են կռվել խրամատներում: Վիրավորներից մեկին տղաները իջեցնում են ներքև, իսկ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Վարդանյանը մնում է դիրքում ու վիրավոր վիճակում շարունակում կռիվը, բայց ոտքի ու ձեռքի բեկորային վնասվածքներն արյունահոսում են:

Անդադար կրակոցների ու արկերի պայթյունների տակ գումարտակի բուժակ Ռուբեն Բեգոյանը վիրակապում է վերքերն ու լարան տեղադրում, ընթացքում շարունակում են նաև պաշտպանվել: Երբ նկատում են, որ Վլադիմիրն արդեն շատ արյուն է կորցրել, որոշում են նրան ևս հասցնել հոսպիտալ:

«Տղեք, ինձ թողեք այստեղ, դուք գնացեք, ես ձեզ հետ ինքնուրույն ներքև գալ չեմ կարող, գնացեք, գոնե դուք կփրկվեք»- զինակից ընկերներին հրամայում է դիրքի ավագ Վլադիմիրը:

«Նման բան լինել չի կարող, մենք միասին ենք բարձրացել դիրքեր, միասին էլ այստեղից հետ կգնանք, քեզ այստեղ վիրավոր վիճակում ու մենակ թողնել մենք չենք կարող»-ասում է բուժակ Բեգոյանն ընկերոջը բարձրացնում է գետնից:

Բեգոյանը Վլադիմիրին շալակած սկսում է իջնել դիրքից ցած,իսկ զինակից ընկերը՝ Արթուրը պաշտպանում է նրանց թիկունքը: Հանկարծ նկատում են թշնամու մի քանի զինվորների:

Շրջափակման մեջ չհայտնվելու համար նախ վիրավոր ընկերոջը թաքցնում են մոտակա փոսի մեջ,ապա բուժակը ձևացնում է, թե վիրավոր է և իրենց մոտեցող հակառակորդի զինվորներին Արթուրի հետ միասին հաջողվում է ոչնչացնել:

Մեծ դժվարությամբ, մի քանի կիլոմետր Բեգոյանը շալակած, գրկած, իսկ երբեմն հոգնած ժամանակ գետնին քարշ տալով վիրավոր ընկերոջը հասցնում է ապահով մի տեղ, հետո իրենց մոտեցող ավտոմեքենայով տեղափոխում են Կապանի քաղաքային հիվանդանոց:

Բուժակ Բեգոյանին ու Արթուրին հաջողվում է փրկել գյումրեցի Վլադիմիր Վարդանյանի կյանքը, նրան տեղափոխում են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն ու ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

«Իմ նպատակը մեկն էր, փրկել ընկերոջս կյանքը, ում հետ ամիսներ շարունակ ծառայում էինք: Չնայած անդադար կրակոցներին ու արկերի պայթյուններին, ինձ դա հաջողվեց:

Կարծես մի անբացատրելի ուժով այդքան ճանապարհ կարողացանք հաղթահարել, պաշտպանվել ու փրկվել հակառակորդի զորքերի շրջափակումներից:

Ես կուզենայի հնարավորության դեպքում փրկեի նաև հարևան դիրքերում գտնվող վիրավոր զինվորներին, բայց ցավոք ժամանակը կարճ էր ու շատ թանկ, բոլորին օգնության հասնել չէի կարող, բայց ուրախ եմ, որ Վլադը հիմա ողջ է ու շուտով կվերադառնա զորամաս ու կմիանա մեզ»-նշում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող, բուժակ Ռուբեն Բեգոյանը, ով այժմ շարունակում է իր ծառայությունը դիրքերում:

Եռօրյա պատերազմով անցած տղան մի քանի ամսից կավարտի իր ծառայությունն ու կվերադառնա տուն, իսկ ձեռքից ու ոտքից վիրավոր դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանը դեռ շարունակում է ապաքինվել:

«Ես շնորհակալ եմ Բեգոյանին և Արթուրին ինձ դիրքում մենակ չթողնելու, շալակած երկար ճանապարհով ցած բերելու, իրենց կյանքի գնով իմ կյանքը փրկելու համար:

Եթե նա ու Արթուրը չլինեին, ես արյունաքամ կլինեի: Ցավոք մենք ընկերներ կորցրեցինք այս եռօրյա պատերազմում, հենց նրանց կորստի վրեժն էլ մեզ պարտադրելու է ավելի ամուր կանգնել մեր հողի վրա ու պաշտպանել մեր Հայրենիքը», -ասում է դիրքի ավագ Վլադիմիր Վարդանյանը:

Տղաները որոշել են, որ պատերազմով ամրացած իրենց ընկերությունը լինելու է շարունակական:

Կիսվել էջում