Օգտակար

Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ:

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են`

1. Տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով։

2. Սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք։

3. Օգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն։

4. Սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով:

Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները:

Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:

5. Պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար:

Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:

6. Նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Կիսվել նյութով