Մամուլ

Ինչու՞ մարդիկ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան

Ինչու՞ մարդիկ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան

168.am-ը գրում է․ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր համավարակից առաջ եկել էին Հայաստան ու հիմա չեն կարողանում վերադառնալ, հայտնվել են անելանելի իրավիճակում։ Ամիսներ շարունակ զրկված լինելով աշխատանքից՝ նրանցից շատերը կանգնել են ծանր ֆինանսական կացության առաջ և չունեն ապրելու հնարավորություն։

Մարդիկ ուզում են վերադառնալ իրենց բնակության ու աշխատանքի վայր, իրենց ընտանիքների մոտ, բայց չեն կարողանում։ Հարևանները, այդ թվում՝ Վրաստանն ու Ռուսաստանը, ամուր փակել են իրենց սահմանները, և հայտնի չէ, թե երբ կբացեն։ Իրենց վերադառնալու հնարավորություն տալու համար մարդիկ մե՛կ կառավարության դիմաց են բողոքի ցույցեր կազմակերպում, մե՛կ արտաքին գործերի նախարարության ու Ազգային ժողովի։ Բայց խնդիրը այդպես էլ տեղից չի շարժվում։

Իշխանության ներկայացուցիչները խոսքները մեկ արած պնդում են, որ ոչնչով չեն կարող օգնել այս մարդկանց, որովհետև Վրաստանն ու Ռուսաստանը չեն բացում իրենց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։

«Այդ երկրի կանոններն են, ժողովուրդ ջան, ոնց մենք ենք մեր կանոններն իրականացնում։ Մեզնից ի՞նչ եք ուզում. ո՞վ է ձեզ պահել, ո՞նց ենք պահել: Հիմա ուզո՞ւմ եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի խնդիրները»,- Ռուսաստան մեկնել ցանկացողներին օրերս համոզում էր արտգործնախարարը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս Ռուսաստան մեկնելու համար բողոքող քաղաքացիների հետ հանդիպմանը համառորեն փորձում էր առաջ տանել այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները ոչնչով մեղավոր չեն սահմանների փակ լինելու համար, որ Հայաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները փակելու որոշումը ոչ թե մեր, այլ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է։

«Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթերը վերականգնել ոչ միայն ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի. հյուրանոցները դատարկ են»,- ասում էր Ազգային ժողովի փոխնախագահը։

Այն, որ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է՝ փակել սահմանը Հայաստանի քաղաքացիների առաջ, իրականում այդպես էլ կա։ Բայց հետաքրքիր է, որ այդ մասին խոսող պաշտոնյաներից որևէ մեկը չի ասում, թե ինչո՞ւ է այդպես, և ո՞վ է դրա մեղավորը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանն իր սահմանները բացում է այլ երկրների քաղաքացիների առաջ, բայց սահմանը փակ է պահում անմիջական հարևանի հետ։ Նույնը՝ նաև Ռուսաստանը։

Այս հարցերի պատասխանը կա, և այն պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում։ Վրաստանը կամ Ռուսաստանը չեն, որ մեղավոր են Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար։ Մեղավորը մեր երկրի իշխանություններն են, որ չկարողացանք պատշաճ կազմակերպել համավարակի դեմ պայքարը, որպեսզի հիմա նման իրավիճակում չհատնվեինք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում