Մամուլ

«Ինձ շատ են քննադատում իմ ազատ խոսքի համար». վարչապետի դուստրն անկեղծացել է

«Ինձ շատ են քննադատում իմ ազատ խոսքի համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը համոզված է, որ հայ աղջիկները շատ տաղանդավոր են։ Նա կարծում է, որ Հայաստանում դեռ շատ անելիք կա հատկապես կրթության ոլորտում։

Մարիամը կարծում է, որ ավագ սերունդն այսօր շատ հարցերում դժվարությամբ է դիրքերը զիջում երիտասարդներին: Մարիամը չի հերքում՝ ինքն էլ իր կարծիքը բարձրաձայնելու համար շատ է քննադատվել: Նա այս մասին պատմել է Sputnik Արմենիային։

Ես վստահում եմ մեր երիտասարդ սերնդի մտքի ճկունությանը։

Մարիամ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում (հատկապես մարզերում) երիտասարդ սերնդին որոշումներ կայացնել չի հաջողվում։ «Ես անձամբ վստահում եմ մեր երիտասարդ սերնդի մտքի ճկունությանը, աշխատասիրությանը, նպատակասլացությանը, ինչու չէ նաև խորամանկությանը, բայց ավագ սերունդը վատ է վերաբերվում այն նախաձեռնություններին, որ երիտասարդներն ունենում են»,- ասում է նա:

Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը համակարգում է «Դիջիթեյն» ընկերության հավակնոտ ծրագրերից մեկը՝ «ԴիջիՔաղաքը», որը նախատեսում է աշխատանքային տարածք տրամադրել միջազգային և տեղական ստարտափներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը զարգացնել տարածաշրջանում։

«Ինձ շատ են քննադատում իմ ազատ խոսքի համար։ Ես միշտ քննադատվում եմ իմ կարծիքները հայտնելու համար. երբ ընկերությունում արեցինք WCIT նախագիծը, շատ հեգնական հոդվածներ եղան, թե ինչու՞ ես այդպիսի մեծ քայլեր անում, ինչու՞ ես կարծիքդ հայտնում, բայց կարծում եմ` բոլորս ունենք խոսքի ազատություն, մեր մասնագիտությունը, մեր քայլերն անելու ազատությունը»,– նշում է նա:

Մարիամը վստահ է` իրեն ու թիմին կհաջողվի նպաստել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

Մարիամ Փաշինյան

Կինը կարող է լինել և՛ ընտանիքի մայր, և՛ լավ մասնագետ, և՛ քաղաքական գործիչ։

Մարիամ Փաշինյանը կարևորում է կնոջ դերը ոչ միայն ընտանիքում, այլ նաև գործադիր ու օրենսդիր մարմիններում: Ցավով է նշում, որ դեռ նոր Հայաստանում քիչ են կին նախարարները և ԱԺ պատգամավորները:

«Ես վստահ եմ, որ մեր հայ աղջիկները շատ տաղանդավոր են ու իրենք կարող են համատեղել մի քանի բան՝ և՛ լինել ընտանիքի մայր, և՛ լավ մասնագետներ, և՛ քաղաքական գործիչներ»,– ասում է նա:

Մարիամ Փաշինյան

Պետք է ավելի շատ պրակտիկ կրթություն ստանալու հնարավորություններ ներդնել։

Անդրադառնալով Հայաստանում առկա կրթական որակին` վարչապետի դուստրը նշում է՝ կրթության որակն արտերկրում տարբերվում է, և Հայաստանում շատ անելիք կա այս ոլորտում: «Պետք է ավելի շատ պրակտիկ կրթություն ստանալու հնարավորություններ ներդնել մեր երիտասարդների համար, ոչ թե պարզապես անգիր սովորել»:

Արտերկրում սովորելուց հետո այնտեղ մնալը Մարիամ Փաշինյանը գայթակղիչ է համարում, բայց ավելի է կարևորում ստացած գիտելիքներն ու փորձը սեփական երկրում ներդնելը։ «Կարևոր է գնալ, ստանալ ամենալավ կրթությունը, տեսնել ինչպես է աշխարհը զարգանում և վերադառնալ Հայաստան, գիտելիքներն օգտագործել Հայաստանում»:

Ի դեպ, նշենք, որ Մարիամը կրթություն ստացել է Էստոնիայում՝ Տարտուի համալսարանում, ինչը մեծ ձեռքբերում է համարում:

Մարիամ Փաշինյան

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Share