Մամուլ

«Իմ նպատակն ինչ-որ ավելորդ իշխանությունը չէ, իմ նպատակն աջակցելն է մարդկանց, մեր երկրին»․ Արմեն Սարգսյանի անկեղծ զրույցը

«Հրապարակը» գրում է․ «Իմ նպատակն ինչ-որ ավելորդ իշխանությունը չէ, իմ նպատակն աջակցելն է մարդկանց, մեր երկրին»։ Մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են սպրդում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքական հավակնությունների մասին։ Անգամ տեղեկություն կար, որ նրա հովանու ներքո կուսակցություն է ստեղծվել․ խոսքն Արթուր Ղազինյանի ղեկավարած «Մեկ Հայաստան» կուսակցության մասին է։

Խոսվում էր նաեւ նրա՝ վարչապետ դառնալու հեռանկարի մասին։ Բայց, հաշվի առնելով գործող իշխանությունների գործելաոճը, տեսակետ կա, որ երբ Արմեն Սարգսյանը որոշի քաղաքական հավակնություններ ցուցաբերել, Նիկոլ Փաշինյանը նրա դեմ կհանի իր նշանակման հարցում քաղաքացիության ցենզի փաստաթղթերը, որոնք այդպես էլ հանրությունը չտեսավ՝ հավատացին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ նրա փաստաթղթերը տեսել է, եւ դրանով փակվեց թեման։

Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում այս թեմայով ասաց․ «Ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում։  Ձեր ասածը հերթական կոնսպիրացիայի տեսություններից է, որից կարող է ուրիշը լինել։ Հանրապետության նախագահը կարող է մի օր հոգնի էս հարցից եւ որոշի թողնել-գնալ, որովհետեւ այս հարցն անիմաստ հարց է։ Ինձնից պահանջվում էր փաստաթղթերը ժամանակին ներկայացնել, եւ ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին ցույց եմ տվել այդ թուղթը՝ ոչ թե նրա համար, որ կարիքը կար, այլ այդ պահը կրիտիկական էր, եւ պետք էր, որ մենք խոսեինք։ Եվ ինքն ասաց՝ ես ուզում եմ վստահ լինել, ես էլ ասացի՝ լավ։

Պարզ է, չէ՞, ինչու․ ոչ թե նրա համար, որ պարտավոր էի, այլ որովհետեւ այդտեղից մենք կարող էինք ուրիշ տեղ գնալ։ Եվ ես ուրախ եմ, որ այդտեղից մենք գնացինք այն ճանապարհով, որ այս հեղափոխությունը կոչվեց թավշյա, ոչ թե արյունոտ»։
Նախագահն այնուհետ այս հարցին մի քիչ այլ տեսանկյունից անդրադարձավ՝ հարցադրումներ հնչեցնելով ու պատասխանելով։ «Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը ո՞րն է՝ մարդը։ Հայ ժողովրդի մեծամասնությունը որտե՞ղ է ապրում՝ Հայաստանից դուրս։

Այսինքն՝ հսկայական հարստություն են այն մարդիկ, որ ունենք բիզնեսի, մշակույթի, քաղաքականության մեջ։ Ոչ մի ուրիշ ազգ չունի։ Եվ մենք հայտարարում ենք ամեն տեղ, որ անպայման պետք է բոլորս միասին օգնենք հայրենիքին։ Ճի՞շտ է։ Հիմա տեսեք՝ WCIT-ում կա Օհանյան ազգանունով մեկը, որը համարվում է ԱՄՆ լավագույն վենչուրային ֆոնդերից մեկի տերը։ Նա փայլուն տղա է, ես իրեն ճանաչում եմ։

WCIT-ում կա մեկ այլ տղա, որի անունը Տիգրան Խուդավերդյան է, որը «Յանդեքսի» գլխավոր տնօրենն է։ Կարող եմ այս ցանկն անվերջ թվել։ Այս տղաները կարո՞ղ են դառնալ Հայաստանում նախարար։ Այդ մարդիկ, որպեսզի դառնան Հայաստանի, ասենք, IT նախարար կամ բարձր պաշտոնյա, պետք է 4 տարի Հայաստանում ապրեն եւ միայն հայկական քաղաքացիություն ունենան։

Հիմա Օհանյանը, որ իր ամբողջ կյանքը, բիզնեսը սարքել է Միացյալ Նահանգներում, պետք է ամերիկյան անձնագիրը հանձնի, գա 4 տարի Հայաստանում ապրի ու սպասի, որ կարող է հինգերորդ տարում իրեն նախարարի պաշտոն տան։ Եվ սա այն դեպքում, երբ Իսրայելում IMF-ի երկրորդ մարդուն՝ Սթենլի Ֆիշերին, մի օրվա մեջ Իսրայելի քաղաքացիություն տվեցին ու տարան նշանակեցին Իսրայելի Կենտրոնական բանկի նախագահ։ Իսրայելում էլ խելոք մարդիկ կան, բայց Սթենլի Ֆիշերն ուրիշ է։

Նույնկերպ՝ Հայաստանում էլ խելոք մարդիկ կան, բայց Լորդ Դարզին ուրիշ է, աշխարհի համար մեկ մասնագետն է առողջապահության։ Հիմա նա կարո՞ղ է դառնալ ՀՀ առողջապահության նախարար։ Պատասխանն է՝ ոչ։ Հիմա մենք ինչպե՞ս ենք ուզում Հայաստանը զարգացնել սփյուռքի օգնությամբ, եթե մնալու ենք էդ հին պարադիգմի մեջ՝ սփյուռքը պիտի մեզ փող տա, բերի ներդրում անի, բայց չմասնակցի երկրի կառավարմանը»,-ասաց նախագահը։

Այնուհետ ՀՀ նախագահը հեգնեց այս մոտեցումը, որ արմատացած է Հայաստանում տարիներ ի վեր․ «Պարոն Դարզի, դու կարող է աշխարհի համար մեկ մարդն ես, որ հնարել է ռոբոտով օպերացիա անելը կամ լապարոսկոպիան, դու կարող է Օբամային խորհուրդ ես տվել, հիմա էլ Թրամփին ես խորհուրդ տալիս, բայց դու այստեղ մինիստր չես կարող լինել։ Հիմա մենք ինչի՞ ենք նման՝ մենք նման ենք Սաուդյան Արաբիային, որը որոշել է իր ունեցած նավթը չօգտագործել։ Ի՞նչ է լինում այդ ժամանակ՝ անապատ»։

Արմեն Սարգսյանի խոսքից հասկանալի է, որ նա կողմնակից է, որ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները վերացվեն, եւ եթե մարդը շատ է պետք մեր երկրին, օրենսդրությունը փոխեն կամ անտեսեն այդ պահանջները, եւ այդ մարդիկ ծառայեն մեր երկրին։ Չի բացառվում՝ Սերժ Սարգսյանն էլ է այս մոտեցմամբ առաջնորդվել՝ օրենքը փոխելու փոխարեն նախընտրելով աչք փակել որոշ հանգամանքների վրա։ Գուցե նույն մոտեցմամբ էլ այս հարցին ընթացք չի տվել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Թեպետ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ իր դեպքում քաղաքացիության խնդիր չի եղել։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով