Մամուլ

Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Նախագահ Արմեն Սարգսյանի և աստղադիտարանի ղեկավար կազմի հանդիպմանը գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ներկայացրել է հաստատության գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Նա նշել է, որ միջազգային այս հեղինակավոր հաստատությունը ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց Արմեն Սարգսյանն առաջին պետության նախագահն է, ով այցելում է աստղադիտարան։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:

«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,
– նշել է Հանրապետության նախագահը: Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այս տարվա հունիսին առաջին անգամ մեր երկրում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»:

Պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ողջունել է ՀՀ նախագահի առաջարկն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել: 

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:

1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը:

Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ:

Կիսվել նյութով