Մամուլ

«Իմ հիվանդ երեխու վրից արդեն հոտ էր գալիս». հոգեկան խնդիրներ ունեցող զինծառայողին 40 օր չեն լողացրել

Երեկ փաստաբան Հայարփի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով լուսանկար էր փակցրել ֆեյսբուքյան իր էջին և արտառոց գրառում էր թողել. «Շուրջ 2 ժամ էստեղ՝ Սովետաշենի հոգեբուժարանում, գտնվելուց հետո արդեն անհրաժեշտություն կա հիվանդանոց գնալու և հետազոտվելու, ինչպես նաև առաջին բուժօգնության: Սիրտս խառնում է, գլուխս ցավում է»:

Փաստաբանը հոգեբուժարան էր գնացել` տեսնելու իր պաշտպանյալ, եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին: «Ինձ դժվարությամբ ներս թողեցին: Նույն սենյակում մոտ 20 հիվանդ է պահվում: Ես որ ներս մտա, խառնված, տեղաշորն էին փոխում, բայց իմ պաշտպանյալն արդեն երրորդ  օրն է, այնտեղ էր: Չգիտես, թե ում անկողնում են պառկեցրել: Վրայից սարսափելի գարշահոտ էր փչում:

Ասեցին, որ չեն լողացրել, որովհետև ինքը չի ցանկանում, ինչին դժվար է հավատալ: Խնդրեցի, որ թույլատրեն, որ մայրը գնա այնտեղ, լողացնի տղային: Մինչ այդ էլ Յուրիկին մոտ 40 օր պահել են ռազմական ոստիկանությունում: Այնտեղ նրան չեն լողացրել ու չեն կերակրել: դա խոշտանգում է, վատ վերաբերմունք իմ պաշտպանյալի նկատմամբ», – հայտնեց Հայարփի Սարգսյանը: Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության վերաբերյալ:

Յուրիկ Բրոյանը իր փաստաբանի հետ շփվում է ժեստերով: Նա չի խոսում, դժվարությամբ է քայլում, ամբողջ մարմնով ցնցվում է: Հայարփի Սարգսյանը պնդում է, որ ցնցումները ավելացել են այն բանից հետո, երբ Կանազի հոգեբուժարանում Յուրիկին ինչ որ ներարկումներ են արել:

Եզդի երիտասարդի ճակատագրական պտույտը հոգեբուժական հաստատություններով սկսվեց անցյալ տարվա օգոստոսից, երբ նրան սահմանափակումներով զորակոչեցին բանակ:  Բրոյանի մայրը պնդում է, որ իր որդին ժառանգական հոգեկան հիվանդություն ունի, չի խոսում և դժվար է հաղորդակցվում, և հոգեկան պատճառով անգամ դպրոց չի հաճախել:

Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ նա սիմուլյանտ է,  չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: «Հատուկ պետք է շեշտել, որ նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը», – ասված է եզդի զինծառայողի մասին ՊՆ պաշտոնական պարզաբանման մեջ:

Հաշմանդամ երիտասարդի վերաբերյալ զինդատախազությունում երեք քրեական գործ է քննվում` զորամասի կոմբատի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության, հոգեբուժարանի աշխատակցի հետ կոնֆլիկտի փաստերով, ինչպես նաև ինքնավնասման դեպքի կապակցությամբ:

Այս վերջին գործով եզդի զինծառայողը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով` «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»:

Գործով կա դատարանի որոշում դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար հետազոտություն իրականացնելու մասին, որի շրջանակներոմ Յուրիկ Բրոյանը ներկայում գտնվում է Սովետաշենի հոգեբուժարանում` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:  

Մայրը` Մարինե Բրոյանը, երկու օր է, գնում, գալիս է հոգեբուժարան:  «7 ամիս է, իմ տղան վատ է: Ոչ ոք ինձ չի հասկանում: Ռազմական ոստիկանությունում սոված էր, ես գնում էի, մի կերպ կերակրում էի իմ ձեռքով: Իմ երեխուն շատ վատ են վերաբերվել:  Չեն լողացրել: Ինձ խաբում էին, որ շաբաթը երեք անգամ լողացնում են: Մինչև հիմա օգոստոս ամսի բարակ համազգեստով էր, զինվորական նույն սապոգով, կոճակները պոկած, գրպանում դրած:

Իմ հիվանդ երեխու վրից արդեն հոտ էր գալիս: Էսօր հոգեբուժարանում ուզում էի լողացնել, բայց իրենք սրբիչ չունեին: Վաղը սրբիչ կտանեմ, կլողացնեմ: Էսօր զինվորական շորն եմ հանել վրայից, «տապոչկեք» եմ տարել, որ որքերը հագստանան», – ասում է ու անընդհատ լաց է լինում մայրը:

Աղբյուր՝ Forrights.am

Կիսվել էջում