Շոու-բիզնես

«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը

2010 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում սկսեց ցուցադրվել Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի գլխավոր դերակատարմամբ «Կարգին սերիալ» սիթքոմը, որը հայկական հեռուստաեթերում այս ժանրի առաջին և ամենահայտնի նախագծերից մեկն էր։

«Կարգին սերիալը» տարիներ շարունակ եղել է բարձր վարկանիշ ունեցող, հաջողված և սիրված նախագիծ՝ պահպանելով իր ժողովրդականությունը նաև եթեր հեռարձակվելուց շուրջ 16 տարի անց։

Սերիալի շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերեց նաև Արեգ Գալոյանը, որը մարմնավորում էր Մկրտիչ Արզումանյանի կերպարի՝ Ադիկի որդուն՝ Արամիկին։ Սիթքոմի առաջին եթերաշրջանի ժամանակ Արեգը ընդամենը 9 տարեկան էր։

Այսօր Արեգ Գալոյանը զբաղվում է երաժշտական գործունեությամբ։ Նա անդրադարձել է «Կարգին սերիալ»-ում իր դերակատարմանը, վաղ տարիքից հայտնի դառնալու դրական և բացասական կողմերին՝ նշելով, որ «երջանկությունն այդ ամենի մեջ չէ»։

«Նախ, արդարության համար, ուզում եմ նշել, որ ես՝ որպես երեխա, երբեք չեմ երազել հայտնի կամ ուշադրության կենտրոնում լինել։

Ես գնում էի թատրոն, որովհետև սիրում էի թատրոնը, թատրոնի մարդկանց։ Բայց, իհարկե, «Կարգին սերիալ»-ում նկարահանվելուց հետո իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց։

Ու, ինչպես կյանքում յուրաքանչյուր բան, սա էլ ունի իր լավ և վատ կողմերը։ Օրինակ՝ ինձ փողոցում ճանաչում էին բոլորը։ Մի կողմից դա շատ հաճելի էր․ մարդիկ ինձ յուրահատուկ ձևով էին դիմավորում, սիրում և աջակցում։

Բայց, միևնույն ժամանակ, որպես երեխա, ես փողոցում չէի կարող անել այն ամենը, ինչ անում են մյուս երեխաները, քանի որ բոլորը ճանաչում էին ինձ։

Իմ ամբողջ մանկությունն անցկացրել եմ շրջապատված շատ տաղանդավոր ու հետաքրքիր մարդկանցով, հատկապես երեխաներով, ովքեր ինձ հետ անցել են այդ ճանապարհը և միասին մեծացել ենք։

Բայց միևնույն ժամանակ այդ փոքր խմբից դուրս շատ քիչ մարդիկ կան, ովքեր հասկանում են՝ ինչի միջով ես անցել, ինչ ես ապրել կամ ինչպիսին է այդ ամենը ներսից։

Կամ այն, որ որպես երեխա դու գտնվում ես այն կետում, որի մասին մարդիկ ամբողջ կյանքում երազում են, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ երջանկությունն ընդհանրապես դրա մեջ չէ»,- նշել է Արեգը։

Կիսվեք ձեր էջում