Շոու-բիզնես

«Իմ ազգն ինձ ոգևորում էր, բայց ոչ այնքան, որքան մյուս աղջիկների դեպքում էր»․ Լիլի Սարգսյանը՝ Miss Grand International-ի և լավագույն 20-յակում չհայտնվելու մասին

«Իմ ազգն ինձ ոգևորում էր, բայց ոչ այնքան, որքան մյուս աղջիկների դեպքում էր»: «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն այս տարի Հայաստանը ներկայացրել է Miss Grand International գեղեցկության միջազգային մրցույթում, որը կայացել է Վենեսուելայում։ Մրցույթը տևել է 17 օր, որի ընթացքում աղջիկները մասնակցել են մի շարք մրցութային փուլերի և ֆոտոշարքերի։

Լիլի Սարգսյանը մրցանակային որևէ տեղ չի զբաղեցրել, նրան չի հաջողվել հայտնվել նաև լավագույն 20-յակում։  Tert.am Life-ի հետ զրույցի ընթացքում Լիլին ասաց, որ չնայած իր սպասելիքները մեծ չէին, մտածում էր, որ կհայտնվի թոփ 20-ում։

«Miss Grand International-ից մեծ ակնկալիքներ չունեի, բայց մտածում էի, որ գոնե կհայտնվեմ լավագույն 20-ի մեջ։ Գրեթե բոլորը սպասում էին, որ ես լինելու եմ թոփ 20-ում։ Էլի աղջիկներ կային, որոնց հետ կապված սպասելիքները մեծ էին, սակայն նրանք էլ չհայտնվեցին թոփ 20-ում։ Որպես հաղթող՝ կային այլ ֆավորիտներ, սակայն դա ևս անկանխատեսելի ստացվեց։ Հաղթեց «Միսս Վենեսուելան», որը, իհարկե, ևս շատ գեղեցիկ աղջիկ է»,-ասաց Լիլին։ 

Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից մրցութային օրերը շատ լավ են անցել․ «Առաջին օրվանից մեզ զգում էինք, ինչպես տանը։ Թե՛ անձնակազմը, թե՛ մասնակից աղջիկները շատ լավն էին․ այնպիսի տպավորություն էր, որ աղջիկների հետ տարիներով ծանոթ ենք եղել։ Իսկապես, շատ տպավորված եմ։ Ինչպես «Միսս Աշխարհում», այնպես էլ այստեղ շատ ընկերուհիներ ձեռք բերեցի, ինչը ևս կարևոր է։ Անչափ հետաքրքիր ծանոթություն ունեցա Miss Grand International-ի նախագահի՝ Նավատ Իթսարագրիսիլի հետ։ Վստահ կարող եմ ասել, որ միայն նրա հետ ծանոթանալու համար արժեր մասնակցել մրցույթին, որովհետև պրոֆեսիոնալ մասնագետ է և հրաշալի մարդ»։

Լիլի Սարգսյան

Լիլին ասաց, որ իր համար մեծ փորձառություն էր, քանի որ նոր գիտելիքներ է ձեռք բերել իր համար այդքան հետաքրքիր ոլորտի՝ նորաձևության ու մոդելինգի բնագավառի մասին․ «Այս մրցույթն ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ինքս ինձ նորովի ճանաչեմ ու բացահայտեմ։ Այսինքն սա ինձ համար բացահայտեց այն կողմերը, որոնց մինչև օրս ծանոթ չէի, օգնեց հասկանալ, թե ինչ կարող եմ ես անել, ինչեր կան, որոնք մինչ օրս չեմ արել։ Նոր երազանքներ ու նպատակներ եմ դրել իմ առջև, նոր ցանկություններ ունեմ, որոնց համար շնորհակալ եմ այս մրցույթին»։   

Մոդելը ծիծաղելով նշեց՝ նորեկներին տեսնելով իրեն է հիշել 2017 թվականին․ ««Միսս Աշխարհ 2017» մրցույթում ես բացարձակ փորձ չունեի, այս անգամ անհամեմատ ավելի հեշտ էր։ Շատ հետաքրքիր է, որովհետև երբ տեսնում էի աղջիկների, որոնք առաջին անգամ էին մասնակցում նման մասշտաբի մրցույթի, ինձ էի հիշում «Միսս Աշխրհում»։ Փորձում էի ամեն ինչով օգնել իրենց, որովհետև շատ լավ գիտեմ, թե որքան դժվար փորձություն է դա աղջիկների համար»։

Երկրորդ միջազգային մրցույթն անընդմեջ Լիլիին չի հաջողվում մրցանակային տեղ գրավել կամ հայտնվել լավագույնների շարքում։ Եթե առաջին դեպքում փորձառության բացակայության խնդիր կար, երկրորդի դեպքում, ըստ Լիլիի, աջակցության պակաս կար։

Լիլի Սարգսյան

«Այնտեղ շատ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպես է ազգը ոգևորում իր մասնակցին։ Իմ ազգն ինձ ոգևորում էր, բայց ոչ այնքան, որքան մյուս աղջիկների դեպքում էր. մեկնաբանություններ էլ էին լինում, սակայն ոչ այնքան, որքան թոփ 20-ում հայտնված աղջիկների դեպքում: Խոսքը, օրինակ,  սոցցանցերի մասին է։ Սոցիալական կայքերում քվերակություններ կային, մարդիկ ոգևորում էին իրենց մասնակիցներին, մեկնաբանություններում գրում իրենց երկրի անունը, քվեարկում, հիշեցնում էին, որ իրենց մասնակիցն ամենալավն է։ Կարծում եմ՝ ոգևորելու առաջին տարբերակը դա էր»,-ասաց Լիլին։

Նա վստահ է՝ բացի սոցցանցային աջակցության պակասը այլ խնդիր չկար, պրոֆեսիոնալ տեսանկյունից ինքը որևէ բացթողում կամ թերի ելույթ չի ունեցել: «Կարծում եմ՝ ինձ խանգարող ուրիշ որևէ բան չի եղել, որովհետև ինձ այնտեղ շատ էին հավանում: Miss Grand International-ի կազմի անդամներն էլ, նախագահն էլ ասում էին՝ շատ գեղեցիկ ես՝ մի նեղվիր, ուղղակի այդպես էր ճիշտ: Ի միջի այլոց, նրանք ասացին, որ գիտեն՝ Հայաստանի աղջիկներն աշխարհում համարվում են ամենագեղեցիկներից մեկը»,- ասաց Լիլին: Մոդելն ընդգծեց, որ առաջիկայում Ֆրանսիայի հետ կապված ծրագրեր ունի, կա ևս մի քանի նորություն, որոնց մասին շուտով կհայտնի:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել