Մամուլ

Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին. «Իրատես»

Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին

«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երեւույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը:

«Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս:

Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երեւի անցած էլ չի լինի, որ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին հեռացնելու համար օրերից մի օր հանրաքվե է անցկացվելու, ու հենց դա է պատճառը, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ:

Եթե սովորական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանական, ՏԻՄ եւ այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որեւէ նորմ կամ տրամաբանություն չի գործում:

Եթե դատավորները մինչեւ փետրվարի 27-ն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի:

Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա: Իսկ թե ինչ տրամաբանությամբ, պատասխան ոչ ոք չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով