Մամուլ

Ի՞նչ է պատմում ծեծի ենթարկված փաստաբանը

Ի՞նչ է պատմում ծեծի ենթարկված փաստաբանը

Hraparak.am-ը գրում է․ Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ փաստաբաններ Էմանուել Անանյանին ու Մարզպետ Ավագյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու միջադեպի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը շտապ ասուլիս է հրավիրել։

Ինչպես պնդում են Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ծեծի ենթարկված փաստաբանների շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան Հրանտ Անանյանը, Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ծաղրել են, հայհոյել, ծեծի ենթարկել այն բանի համար, որ անչափահասներից մեկին բերման ենթարկելուց հետո առերեսման ժամանակ, ներկայացնելով անչափահասին, սկսել են հարցեր տալ օպերլիազորին։

«Գործընկերներիս կողմից ամեն ինչ ասվեց, իսկ ես կուզեմ միայն տեղեկացնել նաև, որ դեպքի նախորդ օրը, երբ անչափահասներին ձերբակալել էին ու տարել ոստիկանության Էրեբունու բաժին, իմ վստահորդի հայրը՝ որպես օրինական ներկայացուցիչ, շուրջ երեք ժամ փորձել է տեսակցել որդուն, սակայն տարբեր պատճառաբանություններով, ինչպես ասացի, շուրջ երեք ժամ չեն թույլ տվել, որպեսզի հայրը տեսակցի իր երեխային»,- իր ելույթում ասաց ծեծի ենթարկված փաստաբաններից Մարզպետ Ավագյանը։

«Միայն երեք ժամ հետո է ի վերջո հորը հաջողվեց տեսակցել որդուն։ Որդուն տեսել է ամբողջությամբ վնասվածքների մեջ, շորերը կեղտոտ, ոտնահետքերի մեջ և այլն։  Ես կուզենամ, որ մեծ ուշադրություն հրավիրվի նաև այս հանգամանքի վրա»,- հավելեց նա։

Կիսվել էջում