Ազատ խոսք

Ժող ջան, տատիկը մի հրաշք կին էր, էդ երեխաները խնամված, խելացի ու գերազանց սովորող էին․․․

Ժող ջան, տատիկը մի հրաշք կին էր, էդ երեխաները խնամված, խելացի ու գերազանց սովորող էին․․․

Հրապարակը գրում է․ Կոտայքի մարզի ողբերգական պատահարը մեր մեջ ամփոփվելու և խորհելու տեղիք է տալիս։ Մի ընտանիքի ողբերգություն, ծանր ողբերգություն։ Նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվել էր  տատն ու չորս թոռները։ Ամուսնալուծված ու երկրից մեկնած ծնողներ, ծեր տատ՝ 70 տարեկան, որ հոգ է տարել չորս երեխաներին։

Ողբերգությունը, ինչքան էլ ծանր է լինում, գիտակցում ես, որ ողբերգություն է և ցավդ կուլ տալով, փորձում ես համակերպվել, որովհետև անզոր ես դրա դեմ։ Բայց ավելի մեծ ողբերգություն է, երբ ողբերգության մեջ տեսնում ես պառակտված, չարացած ու ատելությամբ լցված մի մեծ ընտանիք, որը մոռացած ցավը, կորուստը «գզվռտում են միմյանց», փորձում գտնել մեղավորին։ Գրառումային պատերազմի մեջ Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումն եմ կարդում, որ երեխաների մահվան մեջ մեղադրում են  իրեն, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել:

Այսօր ի դեպ տեղեկացա, որ վերջին երեք գիշերօթիկը փակվեց։ Մանկատուն, գիշերօթիկ, ծերանոց։ Ամենախոցելի խումբը ու դուք խոսու՞մ եք խոցելի խմբերի պաշտպանությա՞ն, իրավունքների՞ մասին։ Եթե լավը չէին պետական կառույցները, ձերը՝ մասնավորը կամ ինչ ուզում եք ասեք, մի բան ստեղծեիք, նոր հինը քանդեիք։ Օրեր առաջ  լրագրողներից մեկը պատմում էր, որ ծերանոցից մեկն ասել է, որ երբ փակվի «իր տան դուռը», ինքնասպանություն է գործելու, որովհետև տեղ ու հարազատ չունի։ Սա միջանկյալ եմ ասում, ողբերգությանը չի վերաբերվում, որովհետև Զարուհին հիշեցրեց իր մասին։ Եվ ես իր ասածին ուզում եմ ավելացնել, որ իրենց ափալ- թափալ քայլերով նպաստելու են ողբերգությունների շղթայի ստեղծմանը։

Այս դեպքը ահազանգ է, կանգ առեք։ Ինչքա՜ն կարիքավոր, խնամքի կարոտ, հուսահատ երեխաներ, ծերեր, ընտանիքներ կան, որոնց հույսը «գլխներին ծածկ, մի ափսե տաք ճաշ ունենալն է»։ Բայց դրա մեջ Զարուհու մեղքը չկա, դա պետական քաղաքականություն է և պետք է կանգ առնել։ Ստեղծել նորը, հետո քանդել հինը։ Մոր, տատի համար ամենածանր բանը երեխային մանկատուն կամ որևէ այլ հաստատություն տանելն է, եթե դա անում է, ուրեմն էլ ելք չկա․․․

Մի փոքրիկ գրառում կարդացի մահացած երեխաների ու իրենց տատի մասին, ասածիս  հաստատումն է․

«Ժող ջան գիտե՞ք քանի անգամ են փորձել երեխաներին մանկատուն տանել։ Տատիկը թույլ չի՛ տվել։ Շատ լավ էլ պահել է։ էդ երեխաները շատ խնամված, խելացի ու գերազանց սովորող երեխաներ են։ Միշտ մաքուր, միասին, տատին պաշտող։ Տատիկը մի հրաշք մայր էր։ Իմ երեխաների համադասարանցիներն էին, բոլորն էլ սիրում էին ու օգնում»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով